Ժամանց

Ճապոնացի միլիոնատերը շարունակում է աշխատել որպես հավաքարար

Ճապոնացի միլիոնատերը շարունակում է աշխատել որպես հավաքարար

56-ամյա ճապոնացի Կոյիչի Մացուբարան տարեկան վաստակում է մոտ 30 միլիոն իեն, ինչը կազմում է շուրջ 267 հազար դոլար, անշարժ գույքից և ներդրումներից, սակայն այդուամենայնիվ չի թողնում իր հավաքարարի աշխատանքը։ Այս մասին գրում է South China Morning Post-ը։

Նրա խոսքով՝ մաքրությամբ է զբաղվում, որպեսզի ակտիվ և առողջ մնա։ «Մաքրողի աշխատանքը փող վաստակելու համար չէ. դա ակտիվ մնալու ձգտում է»,- ասում է նա։

Մացուբարան մաքրում է հասարակական վայրեր և տեխնիկական սպասարկում է իրականացնում բազմաբնակարան շենքում՝ Տոկիոյում։ Նա աշխատում է շաբաթը երեք օր՝ օրական չորս ժամ։

Մաքրողի աշխատանքը նրան բերում է ամսական 100 հազար իեն կամ մոտ 890 դոլար, ինչն զգալիորեն պակաս է Տոկիոյի միջին աշխատավարձից՝ 350 հազար իեն, այսինքն՝ մոտ 3125 դոլար։

«Ես միշտ հասկացել եմ, որ դպրոցն ավարտելուց հետո ինքս պիտի հոգամ իմ կարիքները»,- հիշում է նա։

Դպրոցն ավարտելուց հետո Մացուբարան աշխատանքի է ընդունվել գործարան՝ ամսական 180 հազար իեն աշխատավարձով, այսինքն՝ մոտ 1600 դոլար։ Նա խստորեն վերահսկել է իր ծախսերը և մի քանի տարվա ընթացքում խնայել է մոտ 3 միլիոն իեն՝ մոտ 26․700 դոլար, որոնցով էլ գնել է ստուդիո-բնակարան։

Մացուբարան կարողացել է վաղաժամկետ մարել հիփոթեքը և հետագայում գնել ևս մի քանի բնակարան։ Ներկայումս նա ունի յոթ բնակարան Տոկիոյում և արվարձաններում, ինչպես նաև՝ բաժնետոմսեր և ներդրումային ֆոնդեր։

Չնայած իր կարողությանը՝ Մացուբարան ապրում է համեստ ու պարզ կյանքով՝ ապրում է էժան բնակարանում, ինքն է պատրաստում իր ուտելիքը և արդեն ավելի քան տասը տարի նոր հագուստ չի գնում։ Նա օգտագործում է սովորական սմարթֆոն և հիմնականում տեղափոխվում է հեծանվով։

Մացուբարան պլանավորում է թոշակի անցնել 60 տարեկանում։ Նրա նպատակն է ապրել լիարժեք կյանք՝ առանց իր հարստությունը ցուցադրելու։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական