Հարցազրույց

Ստորագրությունները կարտոշկա չեն, որ փոխանցեն. Աղազարյան

Ստորագրությունները կարտոշկա չեն, որ փոխանցեն. Աղազարյան

Խորհրդարանական լսումների ժամանակ Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցեց «Պատիվ ունեմ» խմբակցությանը, որպեսզի կցեն վարչապետին անվստահություն հայտնելու նախագծին: Սակայն անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը դեռ չեն միացել այդ գործընթացին։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

-Պարոն Աղազարյան, «Հայաստան» խմբակցությունը միացել է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացին. ինչո՞ւ որոշեցին միանալ։

-Ցույց կտա՞ք այդ ձևաթուղթը, որտեղ  «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ստորագրել են։ Իսկ իրենց ստորագրությունները կարտոշկա չէ, որ փոխանցեն։

-Ճի՞շտ է, որ ցանկանում եք փոխվարչապետի պաշտոն՝ ստորագրության դիմաց։ Իսկ Հակոբ Ասլանյանի՞ համար։

-Այդ տեղեկությունը ճիշտ չէ։ Վարչապետի մեր թեկնածուն՝ Էդմոն Մարուքյանը և մենք մեր դիրքերի վրա ենք, բայց պատրաստակամ ենք և՛ «Հայաստան» դաշինքի, և՛ «Պատիվ ունեմ» դաշինքի մեր գործընկերների հետ քննարկել ցանկացած նախապայման, որի այս կամ այն կերպ լուծման հանգելը կբերի իրենց կողմից վստահության աստիճանի բարձրացման մեր նկատմամբ, և իրենց կասկածները կփարատվեն։ Մենք պատրաստ ենք փոխվարչապետներ, նախարարներ հավասարակշռված կառավարություն ստեղծելու կոնտեքստում։

-Իսկ ինչու՞ չեք միանում գործընթացին։

-Չենք միանում իրենց նախաձեռնությանը, որովհետև անհանգստություն ունենք, որ իրենք ոչ թե ուզում են Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, այլ՝ գալ իշխանության, որը դատապարտելի չէ, բնականաբար, բայց մեր նպատակն է Նիկոլ Փաշինյանին հեռացնելն իշխանությունից և մինչև 26թ․  ստեղծել հավասարակշռված կառավարություն, որ որևէ քաղաքական ուժ չկարողանա քաղաքական լծակը քաշել իր վրա, և 26 թվականին բոլորը ներկայանան իրենց ծրագրերով, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը՝ իր ծրագրով, որ պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունը կործանել, ժողովուրդն էլ ում կընտրի, թող ընտրի։ Եթե կընտրի Նիկոլ Փաշինյանին, որը պատրաստվում Հայաստանի Հանրապետությունը կործանել, թող ընտրի։ Ժողովուրդն է որոշում։

-Այդ գործընթացի հեռանկարը ինչպե՞ս եք գնահատում։

-Գիտեք ինչ, նախ, երբ լինի 34 ստորագրություն, այդ ժամանակ կլինի բոլորովին ուրիշ իրավիճակ։ 2-րդ, այո, ես գտնում եմ, որ հնարավորություններ կան իմպիչմենտի ճանապարհով հասնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն։

-Իսկ ի՞նչ խոչընդոտներ կարող են առաջանալ այս ընթացքում։

-Խոչընդոտները հենց այն է, որ մենք իրենց չենք վստահում, հետևաբար,  իրար փոխադարձ չվստահելու խնդիրը պետք է լուծվի, դրա համար պետք է իրենց անհանգստությունները ներկայացնեն, և մենք ցանկացած նախապայման պատրաստ ենք քննարկել։ Ես ներողություն եմ խնդրում, չեմ ասում, որ պարոն Ասլանյանը և ես մեզնից ինչ-որ բան ենք ներկայացնում, բայց, բոլոր դեպքերում, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու առաջին իրավունքը պարոն Հակոբ Ասլանյանը և ես ունենք։

-Իսկ ինչո՞ւ հենց դուք։

-Մենք ենք հաստատել կառավարության ծրագիրը և գտնում ենք, որ կառավարությունը չի կատարել դա, և մեր նշանակած վարչապետը լավ չի աշխատում, և ուզում ենք մեր նշանակած վարչապետին փոխենք, ինչի համար հայցում ենք ընդդիմադիր երկու խմբակցությունների աջակցությունը։ Իրենք անգամ կառավարության ծրագիր չեն հաստատել, ի՞նչ իրավունք ունեն ասեն՝ դու լավ չես աշխատել։ Մենք ենք տվել, մենք ասում ենք՝ լավ չես աշխատել։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական