Սեպտեմբերի 19-ին Ռուսաստանի Օրենբուրգի մարզում վայրէջք է կատարել «Bion-M No.2» կենսագիտական արբանյակը, որը գիտնականները սիմվոլիկ անվանել էին «Նոյյան տապան»։ Արբանյակը ուղեծրում անցկացրել էր 30 օր՝ հավաքելով եզակի տվյալներ կենդանի օրգանիզմների վրա տիեզերքի ազդեցության մասին։
Այն Երկիր վերադարձել է իսկական «կենդանի լաբորատորիայով»՝ 75 մկներով, ավելի քան 1500 ճանճերով, միկրոօրգանիզմներով և բուսական սերմերով։ Արշավի նպատակն էր ուսումնասիրել, թե ինչպես է տիեզերական ճառագայթումը և քաշազրկումն ազդում կենդանի էակների ֆիզիոլոգիայի, նյարդային համակարգի ու կենսաբանական գործընթացների վրա։ Առաքելության մի քանի փորձարկումներ ուղղված էին նաև մարդկանց ապագա տիեզերական թռիչքների անվտանգությանը․ ուսումնասիրվում են ճառագայթումից պաշտպանող նոր տեխնոլոգիաներ և կենսաբանական ռեակցիաներ։
«Bion-M No.2»-ի հաջողված առաքելությունը գիտնականներին նոր տվյալներ է տրամադրել կյանքի ծագման, տիեզերքում գոյատևման և մարդու երկարատև տիեզերական ուղևորությունների ապահովման համար։ Հետազոտությունների հիմնական մասը կկատարվի Մոսկվայի բժշկա-կենսաբանական ինստիտուտում՝ հաջորդ շաբաթների ընթացքում։