Իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, որի իրական անունը Կլոդ Ժոզեֆինա Ռոզ Կարդինալե է, մահացել է 88 տարեկան հասակում, հաղորդում է ANSA-ն։
Նրա գործակալ Լորան Սամրին Corriere della Sera-ին ասել է, որ դերասանուհին մահացել է իր երեխաներով շրջապատված՝ Փարիզի մոտ գտնվող Նեմուրում, որտեղ նա ապրել է իր կյանքի վերջին տարիներին։
Թունիսում ծնված ֆրանսա-իտալացի դերասանուհին նկարահանվել է ավելի քան 150 ֆիլմերում և եղել է լեգենդար ռեժիսորներ Ֆեդերիկո Ֆելինիի և Լուկինո Վիսկոնտիի մուսան։
Իտալիայի մշակույթի նախարար Ալեսանդրո Ջուլիոն Կարդինալեին անվանել է «բոլոր ժամանակների մեծագույն իտալացի դերասանուհիներից մեկը»։
Կլաուդիա Կարդինալեն ծնվել է 1938 թվականի ապրիլի 15-ին՝ Թունիսի մոտ գտնվող Լա Գուլետում: 17 տարեկանում նա հաղթել է գեղեցկության մրցույթում և ճանաչվել է «Թունիսի ամենագեղեցիկ իտալուհին» և մասնակցել Վենետիկի կինոփառատոնին: Այնտեղ նա գրավել է մի քանի ռեժիսորների ուշադրությունը:
1960-ականների սկզբին Վիսկոնտին նկարահանել է Կարդինալեին «Ռոկկոն և նրա եղբայրները» և «Ընձառյուծը» ֆիլմերում: Դերասանուհին նաև կինեմատոգրաֆիայի պատմություն է մտել Սերջիո Լեոնեի 1969 թվականի դասական «Մի անգամ Արևմուտքում» ֆիլմից: Ամերիկյան հանդիսատեսը նրան հիմնականում ճանաչել է «Վարդագույն հովազ» ֆիլմից:
Կլաուդիա Կարդինալեն 1993 թվականին Վենետիկում արժանացել է «Ոսկե առյուծի», իսկ 2002 թվականին Բեռլինում՝ «Ոսկե արջ» մրցանակին:
Նշենք, որ նա նաև մարմնավորել է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի Արաքսի կերպարը։