2024-ին Երկրի ուղեծրում երկու ամիս պտտվել է փոքրիկ աստերոիդ՝ ստանալով «մինի-լուսին» անվանումը։ Թեև այն շուտով հեռացավ, սակայն իր հետ բերեց մեծ գաղափար` աստերոիդների հանքարդյունաբերությունը։
Գիտնականների հաշվարկներով՝ Մարսի և Յուպիտերի միջև գտնվող աստերոիդային գոտում կան մետաղներ, որոնց արժեքը կարող է հասնել հարյուրավոր տրիլիոն դոլարի։ Դրանք ներառում են պլատին, կոբալտ, նիկել, երկաթ և նույնիսկ ոսկի։ Այս նյութերը կարևոր են ինչպես բարձր տեխնոլոգիական արտադրության, այնպես էլ կանաչ էներգետիկայի համար։ Աստերոիդները սովորաբար շատ հեռու են, և դրանցից նմուշ բերելն արժե միլիոնավոր դոլարներ գրամի դիմաց։
TransAstra ընկերությունը առաջարկում է աստերոիդը փաթաթել հսկայական թաղանթով և արևի ճառագայթներով գոլորշիացնել սառույցը՝ մետաղները պահելով։ Tethers Unlimited–ը նախատեսում էր հսկայական ցանցով որսալ աստերոիդը և բերել այն Երկրի ուղեծիր։ Այսօր հազվագյուտ մետաղների արտահանման 80-90%-ը վերահսկում է Չինաստանը։ Սա ստիպում է ԱՄՆ-ի և այլ երկրների ընկերություններին՝ ուշադրություն դարձնել տիեզերքին։ NASA-ն էլ արդեն պատրաստվում է խոշորագույն ծրագրին. 2029-ին Psyche առաքելությունը կմեկնի մետաղներով հարուստ աստերոիդ, որի արժեքը գնահատվում է քվադրիլիոնավոր դոլար։
Գիտնականները զգուշացնում են՝ եթե այս մետաղները արագ հայտնվեն շուկա, դա կարող է ցնցել համաշխարհային տնտեսությունը։ Սակայն բոլորը համաձայն են, որ մինի-լուսինները մարդկությանը տալիս են եզակի հնարավորություն՝ առաջին անգամ իրական արդյունաբերություն հիմնելու տիեզերքում։