Ժամանց

Փարիզում ներկայացվել է Պիկասոյի՝ 80 տարի անհայտ մնացած կտավը

Փարիզում ներկայացվել է Պիկասոյի՝ 80 տարի անհայտ մնացած կտավը

Փարիզի աճուրդի տունը բացահայտել է Պաբլո Պիկասոյի նորահայտ գործերից մեկը՝ «Կնոջ կիսադեմը ծաղկավոր գլխարկով (Դորա Մաար)», որը ստեղծվել է գերմանական օկուպացիայի տարիներին և շուրջ ութ տասնամյակ չի ցուցադրվել։ Կտավը ավարտվել է 1943թ․ հուլիսին՝ Պիկասոյի և Դորա Մաարի թեժ ու հակասություններով լի հարաբերությունների ավարտին։ Նկարում Մաարը պատկերված է ավելի մեղմ ու գունագեղ երանգներով, ի տարբերություն այն տառապանքներով լի դիմանկարների, որոնցում Պիկասոն հաճախ ներկայացնում էր նրան՝ արտացոլելով ինչպես Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ցավը, այնպես էլ՝ իրենց անձնական բուռն վեճերը։

Այս ստեղծագործությունը վերջին անգամ վաճառվել է 1944-ին՝ Փարիզի ազատագրումից մի քանի ամիս առաջ, և մինչ օրս գտնվել է ֆրանսիացի անանուն մի մարդու անձնական հավաքածուում։ Նրա գոյության մասին հայտնի էր միայն մի սև-սպիտակ լուսանկարից, սակայն այժմ առաջին անգամ հանրությունը հնարավորություն ունի տեսնել գունեղ իրական տարբերակը։ Աճուրդի տան ղեկավար Քրիստոֆ Լյուսյեն կտավը նկարագրել է որպես «մեծ հայտնագործություն, որը ոչ միայն արվեստի պատմության մեջ կարևոր էջ է, այլև՝ Պիկասոյի անձնական կյանքի բանալի»։ Նրա խոսքով՝ սա «դժվար ժամանակներում ստեղծված լուսավոր գործ է՝ լի զգացմունքով և բացառիկ ուժով»։

Նկարը կցուցադրվի ընդամենը երեք օր՝ մինչև հոկտեմբերի 24-ը, երբ այն կհայտնվի աճուրդում։ Նախնական գինը շուրջ 8 միլիոն եվրո է, սակայն սպասվում է, որ վերջնական գինը շատ ավելի բարձր կլինի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական