Աստղագետների միջազգային խումբը բացառիկ բացահայտում է արել․ թզուկ գալակտիկայի ներսում հայտնաբերվել է թափառող սև խոռոչ, որը գտնվում է ոչ թե կենտրոնում, այլ նրանից շուրջ 3260 լուսային տարի հեռավորության վրա։ Սև խոռոչը հայտնաբերվել է MaNGA 12772-12704 գալակտիկայում, որը գտնվում է մոտ 230 միլիոն լուսային տարի հեռավորության վրա։ Այն ունի շուրջ 300 հազար արեգակնային զանգված և դասվում է հազվագյուտ միջանկյալ զանգվածի սև խոռոչների շարքին։

Գիտնականները նշում են, որ այս սև խոռոչը ոչ միայն շարժվում է գալակտիկայի ներսում, այլև ակտիվորեն սնվում՝ արտազատելով ռադիոալիքներ և հզոր էներգետիկ ճառագայթներ։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել նաև, որ այն ունի 7,2 լուսային տարի երկարությամբ ջեթ, իսկ իր շուրջը ջերմաստիճանը հասնում է մոտ 1 միլիարդ աստիճանի։ Այս հայտնագործությունը կարևոր է, քանի որ ցույց է տալիս՝ սև խոռոչների աճը և զարգացումը հնարավոր է ոչ միայն գալակտիկայի սրտում, այլև՝ ծայրամասերում։ Գիտնականների խոսքով՝ դա կարող է բացատրել, թե ինչպես են վաղ տիեզերքում գերզանգվածային սև խոռոչները կարճ ժամանակում դարձել հսկայական։