Ամերիկյան LIGO գրավիտացիոն ալիքների դիտարանը տոնում է իր 10-ամյակը՝ գրանցելով տիեզերքի ամենահզոր ազդանշաններից մեկը։ Նոր բացահայտումը ոչ միայն հաստատել է Ալբերտ Էյնշտեյնի և Սթիվեն Հոքինգի կանխատեսումները, այլև տվել աննախադեպ հստակ պատկեր սև խոռոչների իրական բնույթի մասին։ Նոր գրանցված ազդանշանը՝ GW250114, այնքան ուժեղ էր, որ գիտնականները այն նկարագրեցին որպես «շշուկ, որը վերածվեց գոռոցի»։ Այն առաջացել է երկու սև խոռոչների բախումից, որոնցից յուրաքանչյուրը մոտ 32 անգամ մեծ էր Արեգակից։

Այս բախման հետևանքով ծնված նոր սև խոռոչը տիեզերքում թողել է գրավիտացիոն ալիքների հզոր հետք, որն էլ արձանագրել է LIGO-ն։ Այս ազդանշանը վերջնական ապացույց դարձավ Հոքինգի այն տեսության համար, թե սև խոռոչների միաձուլման ժամանակ նրանց հորիզոնի մակերեսը երբեք չի փոքրանում, միայն՝ մեծանում։ Այս փաստը ցույց տվեց, որ Հոքինգի գաղափարը լիովին համապատասխանում է իրական տիեզերքին։ Այսօր LIGO-ն կարող է չափել տարածության և ժամանակի տատանումներ, որոնք 10000 անգամ ավելի փոքր են, քան պրոտոնի տրամագիծը, կամ 700 տրիլիոն անգամ բարակ, քան մարդկային մազը։ Գրավիտացիոն ալիքների միջոցով աստղագիտությունը այլևս ոչ միայն «տեսնում է», այլև «լսում» տիեզերքը։ Սա հեղափոխություն է, որը թույլ է տալիս բացահայտել ամենահզոր և գաղտնի երևույթները։