Ճապոնական XRISM տիեզերանավի վերջին դիտարկումները ցույց են տվել, որ փոքր սև խոռոչները այնքան էլ «կարգապահ» չեն, երբ խոսքը գնում է նյութ կլանելու մասին։ Մինչ այժմ հայտնի էր, որ գերծանր սև խոռոչները (որոնք Արեգակից միլիոնավոր անգամ մեծ զանգված ունեն) կլանած նյութի մեծ մասը ետ են մղում։ Սակայն այժմ պարզվել է, որ նույն կերպ են վարվում նաև աստղային զանգված ունեցող սև խոռոչները՝ Արեգակից ընդամենը մի քանի անգամ ծանր։ Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է 4U 1630-472 համակարգը, որը գտնվում է Երկրից շուրջ 26 հազար լուսատարի հեռավորության վրա։ Այն բաղկացած է արևանման աստղից և սև խոռոչից, որը աստղից պոկում է նյութը՝ ձևավորելով փայլուն ակրետիոն սկավառակ։

Տիեզերանավի տվյալները ցույց են տվել, որ նույնիսկ ակտիվ փուլի ավարտից հետո սև խոռոչը շարունակում էր գազ ու նյութ դուրս շպրտել շուրջ 32 միլիոն կմ/ժ արագությամբ, ինչը լույսի արագության մոտ 3%-ն է։
Հետազոտության ղեկավար, Միչիգանի համալսարանի գիտնական Ջոն Միլլերի խոսքով՝ բացահայտումը ապացուցում է, որ նույնիսկ փոքր սև խոռոչներն անփույթ են իրենց «ճաշի» ժամանակ։ Միլլերի համոզմամբ, նման դիտարկումները կարող են հուշումներ տալ այն մասին, թե ինչպես են գերծանր սև խոռոչները ազդում ամբողջ գալակտիկաների էվոլյուցիայի վրա։ Գիտնականները մտադիր են շարունակել սև խոռոչների «անփույթ ուտելու» վարքագծի ուսումնասիրությունը XRISM-ի օգնությամբ։