Ժամանց

Երուսաղեմում հայտնաբերվել է 2200 տարվա հնության ոսկե մետաղադրամ

Երուսաղեմում հայտնաբերվել է 2200 տարվա հնության ոսկե մետաղադրամ

Երուսաղեմի հնագետները հայտնաբերել են 2270 տարվա հնության հազվագյուտ ոսկե մետաղադրամ, որի վրա պատկերված է Եգիպտոսի թագուհի Բերենիկե II-ը և մակագրված է «Թագուհու», ինչը վկայում է նրա ազդեցիկ և հզոր դիրքի մասին։ Մետաղադրամը թվագրվում է նրա ամուսնու՝ Պտղոմեոս III-ի օրոք, որը Եգիպտոսի Պտղոմեական թագավորության երրորդ իշխանն էր։

Այն կարող էր մաս կազմել մետաղադրամների հավաքածուի, որը որպես նվեր տրվել էր զինվորներին՝ երրորդ ասորական պատերազմից (մ.թ.ա. 246–241 թթ.) վերադառնալիս։ Այդ պատերազմը մղվում էր Եգիպտոսի Պտղոմեական թագավորության և Ասորեստանի Սելևկյան թագավորության միջև։

Մետաղադրամի մեկ կողմում պատկերված է թագուհի Բերենիկե II-ը՝ թագով, գլխաշորով և վզնոցով։ Մյուս կողմում պատկերված է առատության եղջյուր և երկու աստղ, իսկ մակագրության վրա հին հունարենով գրված է «Basileisses» («Թագուհու»)։ Բերենիկե II-ը Պտղոմեոս III-ի կինը և թագուհին էր։ Բայց մետաղադրամի մակագրությունը վկայում է, որ նա կարող էր նաև ինքնուրույն իշխել։ Բերենիկեն նախապես եղել է Կիրենայկայի (այժմ՝ Լիբիայի արևելյան մասը) թագուհին և, ամուսնանալով Պտղոմեոսի հետ, այդ տարածքը միացրել է Եգիպտոսի թագավորությանը։ Երբ Պտղոմեոս III-ը պատերազմ էր մղում Ասորիքում, նա դարձել էր Եգիպտոսի ռեգենտ։

Չնայած՝ դեռ պարզ չէ, թե ինչպես մետաղադրամը հայտնվեց Երուսաղեմում, այն փաստում է, որ քաղաքը արագ վերականգնվում էր մ.թ.ա. 586–587 թթ. Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսոր II-ի կողմից Առաջին տաճարի ավերումից հետո։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական