Warner Bros.-ը և DC Studios-ը պաշտոնապես հաստատել են այս տարի Ջեյմս Գանի նկարահանած «Superman» ֆիլմի ուղղակի շարունակությունը։ Ֆիլմը ստացել է «Man of Tomorrow» անվանումը և նախատեսված է մեծ էկրան բարձրանալ 2027 թ․ հուլիսի 9-ին։ Նոր ֆիլմում կրկին խաղալու է Դեյվիդ Կորենսուեթը՝ Կրիպտոնի վերջին որդու դերում, իսկ Նիկոլաս Հոլթը վերադառնալու է Լեքս Լյութորի կերպարով։ Գանի ռեժիսուրայի տակ սա դառնալու է «Superman Saga»-ի երկրորդ գլուխը։
Ֆիլմի անոնսը ուղեկցվել է DC-ի գլխավոր ղեկավար Ջիմ Լիի նկարազարդմամբ․ պատկերում Լյութորը կրում է իր կանաչ-մանուշակագույն լեգենդար զրահաբաճկոնը, մինչ Superman-ը թեթև ժպիտով հենված է նրա ուսին՝ ձեռքին պահելով պտուտակահան։ Այս զրահը 40 տարուց ավելի ֆիքսված է կոմիքսներում և անիմացիաներում, բայց առաջին անգամ է հայտնվելու live-action տարբերակում։
Վերնագիրը՝ «Man of Tomorrow», հարգանքի տուրք է սուպերմենի 1930-ականների ծագմանը։ Այն երկար տարիներ կապվել է հերոսի, որպես հույսի, առաջընթացի և ապագայի խորհրդանիշի, կերպարի հետ։ Նոր ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի մեկ տարի անց՝ «Supergirl»-ի պրեմիերայից հետո, որը նախատեսված է 2026 թ․ հունիսի 26-ին։