Ջեյմս Ուեբբ տիեզերական աստղադիտակը ֆիքսել է եզակի պատկեր՝ մոտ 525 լուսատարի հեռավորության վրա, Ցուլի համաստեղության աստղածին շրջանում։
Խոսքը վերաբերում է IRAS 04302+2247 պրոտոաստղին, որն իր շուրջը ունի մոտ 65 միլիարդ կմ տրամագծով պրոտոմոլորակային սկավառակ։ Աստղի փայլը մասամբ թուլացրել է փոշին, ինչը հնարավորություն է տվել Ուեբբին տեսնել նրա անսովոր գեղեցկությունը․ սկավառակի երկու կողմում երևացող անդրադարձնող միգամածությունները նման են թիթեռի բացված թևերին։ Այդ պատճառով աստղագետները օբյեկտը անվանել են «Թիթեռ-աստղ»։
Գիտնականները նշում են, որ եզրային դիրքից նման պատկերներ գրանցելը հազվադեպ հնարավորություն է։ Դրանք թույլ են տալիս հասկանալ, թե ինչպես են մոլորակները ձևավորվում՝ սկսած փոշու հատիկներից մինչև ապագա մոլորակների միջուկներ։ NASA-ի մասնագետների խոսքով՝ «Թիթեռ-աստղի» լուսանկարը ոչ միայն տպավորիչ է իր տեսքով, այլև արժեքավոր է՝ որպես մոլորակների առաջացման գործընթացի ուսումնասիրության եզակի տվյալ։