Լեդի Գագան անակնկալի է բերել իր երկրպագուներին. նրա համերգը Մայամիում, որը պետք է տեղի ունենար Mayhem Ball Tour-ի շրջանակներում, հետաձգվել է։
Արտիստը բացատրել է, որ բժիշկները խորհուրդ են տվել չեղարկել ելույթը՝ ձայնալարերի զգալի լարվածության պատճառով։
Գագան իր Instagram-ում գրել է, որ առավոտյան վոկալի փորձերի ժամանակ նա մեծ լարվածություն է զգացել։ Վոկալի մարզիչը և բժիշկները խորհուրդ են տվել նրան ռիսկի չդիմել՝ երկարատև կամ նույնիսկ անդառնալի վնասներից խուսափելու համար։
Արտիստը շեշտել է, որ միշտ երգում է կենդանի, ուստի իր ձայնի առողջությունը իր գերակա խնդիրն է։ Նա խոստացել է, որ Մայամիի համերգը կկայանա ավելի ուշ, ինչպես նաև վստահեցրել է, որ անում է հնարավոր ամեն ինչ՝ ապագայում նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեդի Գագան համաշխարհային երաժշտության պատմության մեջ է մտել՝ Ռիո դե Ժանեյրոյում կայացած անվճար համերգին հավաքելով ռեկորդային 2.1 միլիոն հանդիսատես։