Բրիտանացի երգիչ Սթինգը նորից հայտնվել է սկանդալի կենտրոնում․ նրա նախկին խմբի՝ The Police-ի անդամները՝ կիթառահար Էնդի Սամերսը և դաշնակահար Ստյուարտ Քոփլենդը, դիմել են Լոնդոնի գերագույն դատարան՝ կորցրած հեղինակային վճարների համար պահանջելով միլիոնավոր ֆունտ ստեռլինգներ։
Դիմումը ներկայացվել է երկար տարիների անհաջող բանակցություններից հետո․ փաստաբանները փորձել են հասնել դատարանից դուրս համաձայնության, սակայն կողմերը փակուղու մեջ էին․ «Այլընտրանք չկար․ դատական գործընթացն անխուսափելի դարձավ»,-պատմել է աղբյուրը The Sun-ին։ Հայտնի է, որ միայն “Every Breath You Take” երգից Սթինգը տարեկան մոտ 550 հազար ֆունտ է վաստակում․ այն 1980-ականներին ամենավաճառված հիթերից մեկն է։ Սակայն խմբի մյուս անդամները երգի հեղինակային վարձավճարներից չեն օգտվել, քանի որ պաշտոնապես հեղինակների մեջ չեն նշվել։

Հիշեցնենք, որ The Police խումբը ձևավորվել է 1977-ին՝ Լոնդոնում և համաշխարհային ճանաչում ստացել երկրորդ ալբոմով՝ Reggatta de Blanc-ով։ Խմբի ներսում լարվածությունը գագաթնակետին հասավ 1983-ին՝ Synchronicity ալբոմի ձայնագրության ժամանակ, երբ երաժիշտները նույնիսկ տարբեր սենյակներում էին աշխատում։ Խումբը վերջնականապես դադարեց գործել 1984-ին, սակայն 2007-ին վերամիավորվեց համաշխարհային շրջագայության համար։ Միայն այդ շրջագայությունից նրանք վաստակել են մոտ 292 միլիոն ֆունտ, իսկ Սամերսը հետագայում հայտարարեց․ «Ես մեկ գիշերում մեկ միլիոն դոլար էի վաստակում․ այդ պահին ես աշխարհում ամենաբարձր վարձատրվող կիթառահարն էի»։