Ժամանց

Ռոբոտ առյուծը՝ կրկեսում

Մեծ Բրիտանիայի Newquay քաղաքում գտնվող Paolo’s Circus կրկեսին միացել է անսովոր դերակատար՝ ռոբոտ առյուծը, որը ստացել է Ion անունը։ Այն ոչ միայն գրավիչ տեսք ունի՝ փափուկ մազերով ու առյուծի գլխով, այլև կարողանում է ցուցադրել վտանգավոր ու տպավորիչ հնարքներ։ Կրկեսի ղեկավար Քեննեթ Դարնելլի խոսքով՝ ռոբոտի ստեղծմանը նվիրվել է գրեթե մեկ տարի․ «Այսօր կրկեսում շատ դժվար է ներկայացնել ինչ-որ բան, որ մարդիկ նախկինում չեն տեսել։ Իսկ ռոբոտ առյուծը բոլորի համար նորություն է»,-ասել է նա BBC-ին։

Ion-ը չի սահմանափակվում միայն քայլելով․ նա կարողանում է քայլել առաջային թաթերի վրա, անցնել օղակների միջով, իսկ նրա ամենահամարձակ հնարքը ցատկելն է կրակի վրայով։ Չնայած՝ երբեմն մերժում է կատարել բարձրության հետ կապված հնարքներն, իր «ինքնուրույն մտքի» պատճառով։ 

Ռոբոտ առյուծի ի հայտ գալը պատահական չէ․ 2019-ին Մեծ Բրիտանիայում ընդունվեց օրենք, որով արգելվեց վայրի կենդանիների, այդ թվում՝ առյուծների, օգտագործումը շրջիկ կրկեսներում։ Այդ պատճառով Դարնելլը որոշեց գտնել այլընտրանք և ներկայացնել կենդանուն փոխարինող տեխնոլոգիական լուծում։