Ժամանց

Թութանհամոնը մնում է իր դամբարանում

Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունը վերջ է տվել շարունակվող քննարկումներին՝ հայտարարելով, որ Թութանհամոն փարավոնի ոսկեպատ մումիան չի տեղափոխվի Մեծ եգիպտական թանգարան և կմնա Լուքսորի թագավորների հովտում գտնվող իր բնօրինակ դամբարանում։ Որոշման մասին հայտնել է նախարար Շերաֆ Ֆաթհին՝ ներկայացնելով նաև նոր զբոսաշրջային քարոզարշավը՝ «Մենք Եգիպտոս ենք» խորագրով։

Նախարարը նշել է, որ հնագետ Զահի Հավասի գլխավորած գիտական հանձնաժողովը միաձայն խորհուրդ է տվել մումիան թողնել նույն վայրում՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանական միջոցառումներ։

Այս քայլը համընկնում է Մեծ եգիպտական թանգարանի բացման նախապատրաստություններին, որը կկայանա նոյեմբերի 1-ին և կդառնա կարևոր մշակութային իրադարձություն՝ միջազգային լայն ընդգրկմամբ։ Թանգարանում նախատեսվում են միջոցառումներ, որոնք ընդգծելու են Եգիպտոսի քաղաքակրթության վեհությունը և եզակի ժառանգությունը։