NASA-ն պատրաստվում է Artemis III առաքելության ընթացքում առաջին անգամ տիեզերագնացներ ուղարկել Լուսնի հարավային բևեռային շրջանի մակերես։ Այդ նպատակով գիտնականները մշակում են մեթոդներ՝ ակտիվ ճեղքվածքներով հատվածներում լուսնացնցումների հաճախականությունը որոշելու համար։ Ճեղքվածքները ցույց են տալիս, որ Լուսինը դանդաղորեն փոքրանում է՝ իր ներքին կառուցվածքի սառեցման հետևանքով, ինչի արդյունքում առաջանում են հանկարծակի տեղաշարժեր և ցնցումներ։
Լուսնացնցումները համեմատաբար հազվադեպ են․ ամենաուժեղները հասնում են 5.0 մագնիտուդի, ինչը զգալիորեն թույլ է Երկրի ուժեղ երկրաշարժերից։ Թեև դրանք մեծ վտանգ չեն ներկայացնում մի քանի օր տևող առաքելությունների համար, երկարաժամկետ կառույցների և սարքավորումների վրա դրանց ազդեցությունը կարող է էական լինել։ Ի տարբերություն երկրաշարժերի, որոնք տևում են վայրկյաններից մինչև րոպեներ, լուսնացնցումները երբեմն շարունակվում են ժամերով՝ կարող են վնասել շինություններ, խաթարել գործառույթները կամ վտանգել մեկնարկային հարթակները։
Սմիթսոնյան թանգարանի գիտնական Թոմաս Ուոթերսը և Մերիլենդի համալսարանի սեյսմոլոգ Նիքոլաս Շմերը մշակել են լուսնացնցումների ուժգնությունը գնահատելու նոր մեթոդ՝ ուսումնասիրելով փլված քարերը և սահքերը Լուսնի մակերեսին։ Նրանց վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ Լուսնի Տաուրոս-Լիտտրով հովտում գտնվող Լի-Լինքոլն ճեղքվածքի մոտ միջինում 5.6 միլիոն տարին մեկ տեղի է ունենում մոտ 3.0 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում։ Գիտնականների գնահատմամբ՝ նմանատիպ ճեղքվածքները դեռ կարող են ակտիվ լինել այսօր և շարունակել առաջացնել նոր լուսնացնցումներ։