Ժամանց

Թուրքիայում քննարկում են հյուրանոցներում «all inclusive»-ը «à la carte»-ով փոխարինելու հնարավորությունը

Թուրքական իշխանությունները քննարկում են հյուրանոցներում և ռեստորաններում ավանդական «շվեդական սեղան» ձևաչափը փոխարինելու հնարավորությունը որպես սննդի վատնման դեմ պայքարի մաս: Թուրքիայի նախագահի աշխատակազմի գյուղատնտեսական և սննդի քաղաքականության խորհուրդը համապատասխան զեկույց է պատրաստում հանրապետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, հաղորդում է «Սաբահ» թերթը։

Նախագահական խորհրդի անդամ և Թուրքիայի ռեստորանատերերի ասոցիացիայի ղեկավար Ռամազան Բինգյոլը հայտարարել է, որ երկու ամսվա ընթացքում «համապարփակ զեկույց» կուղարկվի Էրդողանին, ապա՝ համապատասխան հաստատություններին։

«Երբ զեկույցը ներկայացվի խորհրդարան, կարող են ընդունվել մի շարք օրենսդրական միջոցառումներ: Մասնավորապես, հյուրանոցներում «all inclusive» համակարգը կարող է փոխարինվել «à la carte» ձևաչափով, որի դեպքում մարդը պատվիրում է այնքան սնունդ, որքան կարող է ուտել», - հավելել է նա։

«All inclusive» համակարգը, որը տարածված է հիմնականում թուրքական հանգստավայրերում, նախատեսում է սննդի, խմիչքների և այլ տեսակի ծառայությունների անվճար տրամադրում՝ հյուրանոցում տեղավորվելու հետ մեկտեղ։

Ըստ Թուրքիայի թափոնների կանխարգելման հիմնադրամի՝ երկրում ամեն տարի մոտ 23 միլիոն տոննա սնունդ է դեն նետվում, որի 35%-ը նույնիսկ չի օգտագործվում խոհարարության մեջ: Ամենաշատը վատնվում են մրգերը, բանջարեղենը և հացը: Կազմակերպության տվյալներով՝ Թուրքիայում ամեն օր դեն է նետվում մոտ 12 միլիոն միավոր հացաբուլկեղեն։

Ռեստորանատերերի ասոցիացիայի ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայի սրճարաններում և ռեստորաններում ամենատարածված «ափսեի վրա նախաճաշի» (Serpme kahvaltı) 50%-ը, որտեղ բոլոր բաղադրիչները մատուցվում են փոքր ափսեների մեջ, վատնվում է: Բինգելի խոսքով՝ սննդի նման վատնումը պետք է փոխարինվի հաճախորդի ընտրած ճաշացանկով: