Վենետիկն՝ իր խորհրդանշական ջրանցքներով, թանգարաններով և համեղ խոհանոցով դարձել է յուրահատուկ զբոսաշրջային կենտրոն։ 2024 թվականին Վենետիկը ընդունել է մոտ 6 միլիոն զբոսաշրջիկ, որոնցից ավելի քան 85%-ը՝ միջազգային այցելուներ, հատկապես՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Միացյալ Թագավորությունից։
Լինելով Վենետիկում՝ կարող եք այցելել Սուրբ Մարկոսի եկեղեցին։ Այս խորհրդանշական եկեղեցին կառուցվել է 11-րդ դարում, հայտնի է իր բյուզանդական խճանկարներով և ոսկե զոհասեղանով (Pala d’Oro): Սուրբ Մարկոսի հրապարակը շրջապատված է տաճարի հսկայական բարդ ճարտարապետական գործերով, և այցելուները հնարավորություն ունեն բարձրանալ տանիք՝ վայելելու քաղաքի կենտրոնական հատվածի տեսարանները։ Այն համարվում է Վենետիկի հոգևոր ու մշակութային սիրտը։

Տեսարժան վայրերից է Դոժերի պալատը (Palazzo Ducale), որը գոթական ճարտարապետության գլուխգործոց է և նախկինում եղել է Վենետիկի ղեկավարների նստավայրը։ Պալատը պարունակում է Տինտորետտոյի և Վերոնեզեի նշանավոր նկարների հավաքածու, որոնք պատկերում են Վենետիկի հզորությունն ու պատմական հաղթանակները։ Այստեղ կարելի է շրջել պատմական սրահներով, տեսնել գաղտնի բանտեր և անցումներ, որոնք միացնում են պալատը դատապարտյալների նախկին զնդաններին։
16-րդ դարի Ռիալտոյի կամուրջը ծածկում է Գրանդ ջրանցքը։ Այն Վենետիկի ամենաբարձր ու ամենահին քարե կամուրջներից մեկն է։ Այն մինչ օրս համարվում է առևտրական հանգույցներից մեկը։ Նրա շրջակայքում հայտնի շուկա կա, որտեղ կարելի է գտնել թարմ ծովամթերք և վենետիկյան ավանդական արտադրանքներ։ Ռիալտոյի կամուրջը Վենետիկի անբաժանելի խորհրդանիշերից է։

Արվեստասեր այցելուների համար անփոխարինելի են Ակադեմիայի պատկերասրահը (Gallerie dell’Accademia), որտեղ ցուցադրված են վենետիկյան գեղանկարչության լավագույն նմուշները, և Պեգի Գուգենհայմի հավաքածուն (Peggy Guggenheim Collection), որտեղ ներկայացված է 20-րդ դարի ժամանակակից արվեստի գլուխգործոցներ։
Վենետիկյան խոհանոցը յուրահատուկ է, ծովային հարուստ ձկնատեսակները՝ միդիաները և կաղամարը համարվում են այս խոհանոցի առանցքը, իսկ ամռան ամիսներին դրանց թարմությունը նկատելի է: Պարզ ու համեղ ուտեստներն, ինչպիսիք են ռիսոտտոն՝ կաղամարի մածուկով, կամ «Sarde in saor»-ը՝ թթվասերով պատրաստված սարդինները, զուգորդվում են Aperol Spritz-ի թարմացնող համով, ստեղծելով անզուգական համադրություն։
Վենետիկը իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ ամառային բացառիկ ուղղություն է զբոսաշրջիկների համար։