Հռոմը՝ հավերժական քաղաքը, շարունակում է հմայել իր այցելուներին հարուստ պատմամշակութային ժառանգությամբ և գեղատեսիլ վայրերով։ Հռոմը հաճախ անվանում են նաև «բացօթյա թանգարան», և դա ճիշտ է ոչ միայն նրա հնագիտական հարստության, այլև ողջ քաղաքի տրամադրության համար։ 2025 թվականին Հռոմը սպասում է ավելի քան 30 միլիոն զբոսաշրջիկի՝ կապված Հույսի հոբելյանական տարվա և զբոսաշրջային վերածննդի հետ (AP News, Turismo Roma)։
Հռոմեական կայսրության ամենահայտնի խորհրդանիշը՝ Կոլիզեումը, թերևս ամենաարդիական պատմական տեսարժան վայրերից է, որտեղ հազարավոր մարդիկ դիտել են գլադիատորական մարտեր՝ արյունոտ, դաժան, բայց անմոռանալի։ Այժմ Կոլիզեումը կանգնած է որպես լուռ վկա, որ պատմում է հզոր ճարտարապետության և մարդկային մեծ հմտության մասին։ Այստեղ դուք կզգաք այն ժամանակների հոգին, երբ Հռոմն էր աշխարհի կենտրոնը։

Տրևիի շատրվանը (Fontana di Trevi) ոչ միայն Հռոմի ամենահայտնի շատրվանն է, այլև համարվում է աշխարհի ամենագեղեցիկ հուշարձաններից մեկը։ Նրա ճարտարապետական շքեղությունը և լեգենդար մթնոլորտը տարիներով գրավում են միլիոնավոր այցելուների, որոնք գալիս են այստեղ՝ ոչ միայն հիանալու գեղեցկությամբ, այլև՝ մասնակցելու ավանդույթի -Հռոմ վերադառնալու ակնկալիքով նետել մի մետաղադրամ։ Չնայած Տրեվի շատրվանը Հռոմի կենտրոնի ամենաաղմկոտ զբոսաշրջային վայրերից մեկն է, շատերը հանգստություն են գտնում նրա երաժշտական ջրահոսքերի մեջ։ Գիշերը շատրվանի լուսավորությունը ստեղծում է կախարդական մթնոլորտ, որն իդեալական է մտորումների, լուսանկարվելու և հանգստանալու համար։
Հռոմում լինելով՝ կարող եք այցելել Պանթեոն, որը աշխարհի ամենահին գործող տաճարներից է և խորհրդանշում է հավերժություն։ Հսկայական գմբեթի կենտրոնում բացված օկուլուսի (չափազանց մեծ բացվածք գմբեթում) միջոցով անցնող արևի ճառագայթը շրջապատում է տարածքը բնական լուսավորությամբ՝ ստեղծելով յուրօրինակ մթնոլորտ։

Եթե ցանկանում եք Հռոմում գտնել վայր, որտեղ պատմությունն ու հանգիստը միաձուլվում են, ապա Ավենտինե բլուրը ու դրա գագաթին գտնվող Նարինջների այգին իդեալական ընտրություն են։ Ավենտինե բլուրը՝ Հռոմի յոթ պատմական բլուրներից մեկը, համարվում է քաղաքի ամենախաղաղ, բայց նաև՝ ամենաներշնչող անկյուններից։ Իտալերենից թարգմանաբար «Նարինջների այգի» կոչվող այս գողտրիկ պարտեզը ստեղծվել է 1932 թվականին և տարածվում է մոտ 8000 մ² մակերեսով։ Այգին ունի բաց համայնապատկեր դեպի Տիբր գետը, Վատիկանը և ամբողջ Հռոմի կենտրոնը։ Այգու ներսում փռված նարնջի ծառերի բույրը, հատկապես, գարնան վերջին և ամռան սկզբին, համադրվում է բաց երկնքի, թեթև զովի ու հեռավոր զանգերի ձայնի հետ՝ ստեղծելով հաճելի մթնոլորտ։ Այգու հարևանությամբ է գտնվում Սանտա Սաբինա բազիլիկան (Basilica di Santa Sabina all'Aventino), որը կառուցվել է դեռևս 5-րդ դարում։ Այս եկեղեցին համարվում է Հռոմի պահպանված հնագույն բազիլիկաներից մեկը։ Ավենտինե բլրի մեկ այլ խորհրդավոր ու գրավիչ կետ է հայտնի բանալիի անցքը, որը պատկանում է Մալթայի նստավայրին (Knights of Malta). Երբ նայում եք այդ փոքրիկ անցքով, տեսադաշտի կենտրոնում հայտնվում է Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթը, որը գտնվում է Վատիկանում։ Այս խորհրդանշական դրվագը՝ տեսնել ամբողջ Հռոմը մի փոքրիկ բացվածքից, շատերը համարում են գաղտնիք պահելու, տեսնելու և բացահայտելու խորհուրդ։ Այն, կարծես, կոչ է անում նայել խորքից, աննկատ բաներից տեսնել մեծը։
Այստեղ պատմությունը «քայլում է ձեր կողքով», իսկ մշակույթն ու գեղեցկությունը թափանցում են յուրաքանչյուր փողոցից, շատրվանից և տաճարից։