Ժամանց

Ամառն Իտալիայում. լավագույն ուղությունները

Իտալիան շարունակում է մնալ աշխարհի ամենապահանջված ամառային ուղղություններից մեկը։ Իտալիայի ազգային զբոսաշրջային գործակալության (ENIT) տվյալներով՝ ս.թ. ամռանը սպասվում է ավելի քան 27 միլիոն զբոսաշրջիկ։ Այս տարի այցելուների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 18%-ով։ Ամենաշատ այցելվող շրջաններն են Սիցիլիան, Տոսկանան և Կամպանիան։

Սիցիլիայում ամենահայտնի լողափերից է Իզոլա Բելլան (Isola Bella)՝ Տաորմինայի մոտակայքում գտնվող փոքրիկ կղզում։ Այստեղ կարելի է այցելել Ագրիջենտոյի տաճարների հովիտը, որտեղ պահպանվել են հնագույն հունական տաճարներ, որոնք գրանցված են ՅՈւՆԵՍԿՕ-ում։ Իսկ բնության սիրահարներին խորհուրդ է տրվում գնալ դեպի Սկալա դեյ Տուրկի՝ սպիտակ կրաքարե ժայռապատ ափամերձ տարածք։ Ուշադրության արժանի է ևս մի ուղղություն՝ Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոն, որտեղ մշակույթը, ճարտարապետությունը և խոհանոցը միաձուլում են արևելքը ու արևմուտքը։ Այստեղ կարելի է այցելել Պալերմոյի արքայական պալատը (Palazzo dei Normanni)։ Պալերմոն հարմար է նաև հայկական ինքնություն որոնողների համար. այստեղ գործում է Սուրբ Մարիամ Եգիպտացու հայկական կաթողիկե եկեղեցին, իսկ քաղաքի պատմության մեջ հայ գաղթականները կարևոր տեղ են ունեցել դեռ միջնադարում։

Տոսկանան ոչ միայն արվեստի, գինու և պատմության հայրենիքն է, այլև ունի հիանալի լողափեր։ Նրանցից մեկը՝ Կալա Վիոլինան (Cala Violina), առանձնանում է սպիտակ ավազով, որը քայլելու ժամանակ արձակում է երաժշտական մեղմ ձայներ, ինչի պատճառով էլ լողափը կոչվում է «ջութակի ծովափ»։ Այստեղ մուտքը սահմանափակ է՝ շրջակա միջավայրը պահպանելու նպատակով։ Մոտակայքում կարելի է այցելել Baratti-ի հնագույն էտրուսկյան պուրակը կամ Պոպուլոնիա (Populonia) հնավայր։ Տոսկանայում անպայման պետք է փորձել ձիթապտղի յուղով տեղական ձկնային ուտեստը, ինչպես նաև համտեսել Chianti գինին։

Իտալիայի հարավում գտնվող Կամպանիան առանձնանում է հատկապես Ամալֆիի ափամերձ քաղաքներով, որոնցից ամենահայտնին է Պոզիտանոն, որի հայտնի լողափը Մարիանա Գրանդեն (Marina Grande) է։ Այստեղ հանգստացողներին առաջարկվում է նաև այցելել Բլու Գրոտո՝ Կապրիի մոտ գտնվող կախարդական քարանձավ, որտեղ արևի լույսը ջրի միջով անցնելով՝ քարանձավը լուսավորում է միստիկ կապույտով։ Մոտակայքում կարելի է շրջել նաև Սորենտոյի նրբաճաշակ փողոցներով կամ Ռավելլոյի այգիներով, որտեղ տեղի են ունենում ամառային երաժշտական փառատոներ։ Իտալիան շարունակում է հմայել իր բազմազանությամբ՝ առաջարկելով հանգիստ թե՛ պատմության, թե՛ բնության սիրահարներին։

Պատրաստեց Լիլիթ Աբրահամյանը