Քանի որ ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբբ» տիեզերական հեռադիտակի տվյալները դառնում են հասանելի հանրությանը, գիտնականները անընդհատ վերլուծում են դրանք՝ որոնելով տիեզերական անսովոր օբյեկտներ։ COSMOS-Web հետազոտական ծրագրի տվյալների ուսումնասիրության ընթացքում Եյլի համալսարանի գիտնական Պիտեր վան Դոկումը և Կոպենհագենի համալսարանի գիտնական Գաբրիել Բրամերը հայտնաբերել են մի արտասովոր երկնային մարմին, որին ժամանակավորապես անվանել են «Անվերջության գալակտիկա» (Infinity Galaxy)։
Ուսումնասիրությունները բացահայտել են, որ «Անվերջության գալակտիկան» պարունակում է ակտիվ, գերզորեղ սև խոռոչ։ Բայց ամենաանսպասելին այն էր, որ այն գտնվում է ոչ թե երկու գալակտիկական կորիզներից մեկի մեջ, այլ հենց դրանց միջև՝ հսկայական գազային ամպի տարածքում։
Հետազոտողները ենթադրում են, որ սև խոռոչը կարող է առաջացած լինել հենց այդտեղ՝ ոչ աստղային պայթյունից (ինչպես սովորաբար), այլ անմիջապես հսկայական գազի կուտակումից։ Եթե դա հաստատվի, ապա սա կարող է լինել այդպիսի երևույթի առաջին դիտարկված օրինակը տիեզերքում։