Հայաստանից շատերն ամռանը նախընտրում են Վրաստանը՝ հաճելի ծովափերով, համեղ գինիներով և գեղեցիկ լեռնային բնությամբ այդ երկիրը։ Առանց վիզա կարճ ճանապարհի համար Վրաստանը հրաշալի վայր է։
Խորհուրդ է տրվում հանգստանալ սևծովյան ափերին՝ Բաթումում և Քոբուլեթիում։
Բաթումը Վրաստանի գլխավոր ծովափնյա հանգստավայրն է։ Այստեղ տեղի են ունենում «Batumi Summer Festival»-ը, «Black Sea Jazz Festival»-ը՝ կենդանի համերգներով և մշակութային միջոցառումներով։
Բաթումում կարող եք այցելել նաև հայտնի դելֆինարիումը, որտեղ անցկացվում են հետաքրքիր շոուներ՝ մեծ ու փոքր այցելուների համար։ Հայտնի են նաև Բաթումի բուսաբանական այգին, ծովափնյա զբոսայգիները։ Կարող եք այցելել տեղի արվեստի թանգարան, հիանալ վրացի, նաև՝ վրացահայ նկարիչների կտավներով։
Քոբուլեթին Բաթումից հյուսիս է՝ ավելի հանգիստ, ընտանեկան միջավայրով, հյուրատներով և սրճարաններով։
Սևծովյա Շեկվետելին հայտնի է իր դենդրոպարկով։ Այստեղ աճում է ավելի քան 1600 տեսակի հազվագյուտ ծառ և թուձ։
Տեսարժան վայրերից է նաև երաժշտական այգին, որտեղ կան երաժշտական արձաններ։ Դրանք, արձագանքելով մարդկանց, հնչեցնում են արտիստների երգերը կամ երաժշտությունը։

Վրաստանում հնարավոր է նաև ոչ ծովափնյա հանգիստ անցկացնել։
Վրաստանի արևելքում՝ Կախեթի շրջանում, զբոսաշրջիկները վայելում են խաղողի այգիները և գինեգործությունը։ Այստեղ աճում է շուրջ 500 տեսակի խաղող, իսկ ՅՈւՆԵՍԿՕ-ն Քվեվրի գինեգործությունը ճանաչել է որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Ամառը կազմակերպվում է «Tsinandali» դասական երաժշտության փառատոնը (օգոստոս 31 - սեպտեմբեր 8)՝ համատեղելով երաժշտություն, գինի և պատմական զբոսանքներ։
Արկածային ուղևորության սիրահարներին խորհուրդ է տրվում այցելել Սվանեթիա՝ Մեստիա և Ուշգուլի, որտեղ կարելի է տեսնել միջնադարյան ամրոցներ, արշավել սառցադաշտերի շուրջ և ծանոթանալ լեռնային մշակույթին։
Բորժոմին Վրաստանի հայտնի առողջարանային քաղաք է, որը համատեղում է առողջարարությունը, բնությունը և մշակույթը։ Այն հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով, գեղեցիկ կենտրոնական պարկով, լեռնային ճոպանուղիով և հարակից Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկով՝ իր անտառներով ու քայլարշավային ուղիներով։ Բորժոմին հարմար է ինչպես հանգստի, այնպես էլ արկածային և բնապահպանական զբոսաշրջության սիրահարների համար։
Ու վերջապես, մայրաքաղաք Թբիլիսին, որը հայերի սիրված վայրերից մեկն է։ Թբիլիսին առաջարկում է հին քաղաքի նեղ փողոցներ, վրացական պանրի փառատոն, Նարիկալա բերդը, ինչպես նաև Քուռ գետի ափին հարմարավետ սրճարաններ, նաև՝ ճոպանուղիներ, որ քաղաքի մի մասը միացնում են մյուսին։ Այնտեղ կարող եք այցելել հայկական թաղամասեր, Մանթաշովյան շարքերը և այսպես շարունակ։
Պատրաստեց՝ Լիլիթ Աբրահամյանը