Ժամանց

Հայտնաբերվել է ամենահին գալակտիկան

NASA-ի Ջեյմս Ուեբի տիեզերական աստղադիտակը կոտրել է բոլոր ռեկորդները՝ հայտնաբերելով MoM z14 գալակտիկան։ Սա մինչ այժմ դիտված ամենահին գալակտիկան է, որը գոյություն է ունեցել Մեծ պայթյունից ընդամենը 280 միլիոն տարի անց։

MoM z14-ը գտնվում է ավելի քան 13.5 միլիարդ լուսատարի հեռավորության վրա և հայտնաբերվել է Mirage or Miracle (MoM) սպեկտրոսկոպիկ դիտարկման ժամանակ։

Չնայած իր հնությանը՝ MoM z14-ն ունի զարմանալիորեն զարգացած կառուցվածք. այնտեղ առկա են ծանր տարրեր, ինչպիսիք են ածխածինը և ազոտը։ Սա վկայում է, որ մինչ այդ արդեն մի քանի աստղային սերունդ է առաջացել և մահացել։ Սա կասկածի տակ է դնում ներկայիս պատկերացումները առաջին գալակտիկաների արագ ձևավորման մասին։

Այս հայտնագործությունը շրջադարձային նշանակություն ունի վաղ տիեզերքի ըմբռնման հարցում և առաջ բերում նոր հարցեր, օրինակ, թե ինչպես են այդքան արագ նման զանգվածային ու բարդ կառուցվածքներ առաջացել Մեծ պայթյունից հետո։