Ժամանց

Հայտնի պայուսակ, անհավատալի գին. Hermès-ը նոր ռեկորդ սահմանեց

Ֆրանսիական հայտնի Hermès նորաձևության տան կողմից 40 տարի առաջ հատուկ ֆրանսիացի-բրիտանացի դերասանուհի Ջեյն Բիրկինի (1946–2023) համար պատրաստված պայուսակը աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով։ Այս մասին հայտնել է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով Sotheby's աճուրդի տան տեղեկատվությանը։

1984 թվականին ձեռքով պատրաստված այդ պայուսակը վաճառվել է 8,6 միլիոն եվրոյով, ինչը 20 անգամ գերազանցում է նախորդ ռեկորդը՝ սահմանված Hermès Kelly պայուսակի կողմից, որն իր ժամանակին վաճառվել էր 438 հազար եվրոյով։ Բիրկինի պայուսակի մեկնարկային գինն աճուրդում կազմել էր 1 միլիոն եվրո, սակայն, ինչպես նշում է կայքը, գինն արագորեն աճել է։

Ըստ լեգենդի՝ դերասանուհին բողոքել է՝ Փարիզ–Լոնդոն չվերթի ժամանակ իր կողքին նստած ուղևորին, որ չի կարողանում գտնել հարմար պայուսակ՝ երեխաների իրերը տեղափոխելու համար։ Այդ ուղևորը եղել է Ժան-Լուի Դյուման՝ այն ժամանակ Hermès ընկերության ղեկավարը։ Մի քանի ամիս անց նրա նախաձեռնությամբ ստեղծվել է նոր մոդել՝ հատուկ բաժիններով՝ կաթի շշերի և այլ իրերի համար։

Այդ ժամանակից սկսած՝ դերասանուհու անունը կրող պայուսակների նկատմամբ պահանջարկն այնքան է աճել, որ դրանք հնարավոր է ձեռք բերել միայն նախնական գրանցմամբ՝ բարձր պահանջարկի և սահմանափակ քանակի պատճառով։ Նույնիսկ կեղծ տարբերակները որոշ նորաձևության սիրահարներ պատրաստ են գնել նույն գնով, ինչ բնօրինակները։