Ժամանց

Մեքենան կարծում է, թե վարորդը քնած է․ չինացի վարորդը չի կարողանում վարել մեքենան

Մեքենան կարծում է, թե վարորդը քնած է․ չինացի վարորդը չի կարողանում վարել մեքենան

Չինաստանի Չժեցզյան նահանգում տղամարդը, Xiaomi SU7 Max էլեկտրամոբիլ գնելուց հետո, բախվել է անսովոր խնդրի. գրում է Sohu-ն։ Առաջադեմ տեխնոլոգիաներով հագեցած մեքենան, որը պետք է հեշտացներ վարորդի կյանքը, իրականում դարձել է անհարմարությունների աղբյուր։

Խնդիրը կապված է արհեստական բանականության հիման վրա գործող համակարգի՝ վարորդի հոգնածությունը որոշող գործառույթի հետ։ Ամեն անգամ, երբ տղամարդը վարում է մեքենան, համակարգը սխալմամբ որոշում է, թե նրա աչքերը փակ են։ Պատճառն այն է, որ վարորդի աչքերն, ըստ համակարգի, չափազանց նեղ են։ Արդյունքում, մեքենան հաճախակի ձայնային ազդանշան է տալիս՝ «Ուշադիր եղեք ղեկին» նախազգուշացմամբ, որն արտացոլվում է նաև էկրանին։ Համակարգն ի զորու չէ տարբերակել, որ վարորդի աչքերն իրականում բաց են։

Տղամարդը փորձել է տեսանյութով ապացուցել իր աչքերի բաց լինելը՝ լայնորեն բացելով դրանք, սակայն նախազգուշացումները շարունակվել են՝ խանգարելով կենտրոնանալ վարելու ժամանակ։

Սոցիալական ցանցերում այլ վարորդներ նույնպես հաստատել են նմանատիպ խնդիրներ ոչ միայն Xiaomi SU7-ում, այլև՝ այլ չինական էլեկտրամոբիլներում՝ Xpeng, Lantu և Nio։ Xiaomi-ի տեխնիկական աջակցությունը բացատրել է, որ համակարգը հոգնածության նշանները բացահայտում է տեսողական ցուցիչների՝ փակ աչքերի, հորանջելու և այլ գործոնների հիման վրա։ Չնայած այդ գործառույթը կարելի է անջատել կարգավորումներում, ընկերությունը խորհուրդ չի տալիս դա անել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Ներկայումս Xiaomi ընկերությունը դեռևս անհատականացված լուծումներ չի առաջարկել նման դեպքերի համար։ Տեղական լրատվամիջոցները նշում են, որ այս իրավիճակը ընդգծում է արհեստական բանականության տեխնոլոգիաների սահմանափակումները՝ կապված մարդու ռասայական և անհատական առանձնահատկությունների ճանաչման հետ։

Պատրաստեց՝ Ալվարդ Բաղդասարյանը

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական