Amazon ընկերության հիմնադիր և միլիարդատեր Ջեֆ Բեզոսը և ամերիկյան հեռուստահաղորդավար Լորեն Սանչեսը այս շաբաթ Վենետիկում պատրաստվում են ամուսնանալ։ Նրանց հարսանեկան արարողությունը տևելու է երեք օր՝ չնայած քաղաքի բնակիչների շարունակական բողոքներին։ VIP շրջանակներում այս իրադարձությունը արդեն անվանում են «դարի հարսանիք», որի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 50 միլիոն եվրո։
Վենետիկի օդանավակայանը պատրաստվում է ընդունել շուրջ 90 մասնավոր ինքնաթիռ՝ շոու-բիզնեսի աստղերով, քաղաքական գործիչներով և ֆինանսական ոլորտի ազդեցիկ ներկայացուցիչներով։ Քաղաքի նավահանգիստները սպասում են շքեղ մասնավոր զբոսանավերի մուտքին։
Բեզոսը և Սանչեսը արդեն ժամանել են Վենետիկ։ 61-ամյա Ջեֆ Բեզոսը, ըստ Forbes ամսագրի, աշխարհի չորրորդ ամենահարուստ մարդն է՝ $227 մլրդ դոլար կարողությամբ։
Երկուսի համար էլ սա երկրորդ ամուսնությունն է։ Զույգը նշանադրվել է 2023 թ. մայիսին։
Հարսանիքին հրավիրված է մոտ 200 հյուր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփն ու նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, արդեն ժամանել են Վենետիկ։
Նախկինում Սանչեսը Փարիզում կազմակերպել էր աղջիկների երեկույթ՝ Քիմ Քարդաշյանի, Քրիս Ջենների, Քեթի Փերիի, Եվա Լոնգորիայի և այլ հայտնիների մասնակցությամբ։ Ենթադրվում է, որ նրանք նույնպես ներկա կլինեն հարսանիքին։
Իտալական լրատվամիջոցների տվյալներով՝ Վենետիկի գրեթե բոլոր շքեղ հյուրանոցները և ջրային տաքսիները արդեն ամրագրված են հարսանյաց հյուրերի կողմից։
Պատրաստեց՝ Ալվարդ Բաղդասարյանը