Ժամանց

Shein-ը նորություն ունի. մատակարարման շղթան ընդլայնվում է

Նորաձևության միջազգային մանրածախ ընկերությունը Shein-ը և նրա հնդկական գործընկեր Reliance Retail-ը նախատեսում են առաջիկա 6-12 ամսում զգալի ընդլայնել հնդիկ մատակարարների ցանցը՝ հասնելով 1000-ի։ Նախատեսվում է նաև Հնդկաստանում արտադրված Shein ապրանքանիշով հագուստն արտահանել արտասահմանյան շուկաներ. հայտնում է Reuters-ը:

Չինաստանում հիմնադրված, ներկայումս Սինգապուրում գրանցված Shein ընկերությունը համագործակցում է Reliance Retail-ի հետ դեռ այն ժամանակներից, երբ ԱՄՆ-ն սկսեց մաքսատուրքեր կիրառել չինական ներմուծման վրա։ Այդ հանգամանքը հիմա ավելի է խթանում մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացիան։

Ընկերության պլանների համաձայն՝ մեկ տարվա ընթաքում 150 հնդիկ մատակարարների թիվը կհասնի 1000-ի։ Հագուստը նախատեսվում է վաճառել ոչ միայն Հնդկաստանի շուկայում, այլև միջազգային հարթակներում, մասնավորապես, ԱՄՆ-ի և Բրիտանիայի Shein կայքերում:

Shein-ը Հնդկաստանի շուկա մուտք է գործել 2018 թվականին, սակայն 2020-ին նրա հավելվածն արգելվել է՝ Հնդկաստանի և Չինաստանի միջև սրված սահմանային լարվածության հետևանքով։