Մարդկության պատմության մեջ առաջին անգամ գիտնականներին հաջողվել է արձանագրել արևի մակերևույթին առկա 63 կմ չափերով օբյեկտներ. հայտնում է Naked Science-ը։ Այս աննախադեպ արդյունքը հնարավոր է դարձել հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ՝ իրական ժամանակում վերահսկվող դեֆորմացվող հայելիի կիրառմամբ, որը տեղադրված է Գուդիի արևային հեռադիտակի վրա։
Ավանդաբար, երկրային պայմաններում արևի դիտարկումը բարդանում է մթնոլորտային խանգարումների և աստղի գերպայծառության պատճառով։ Cona անունով նոր համակարգը վայրկյանում մինչև 2200 անգամ փոխում է հայելու ձևը՝ նվազեցնելով մթնոլորտային աղավաղումները։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ պատկերներ, որոնք մոտ են հեռադիտակի տեսական սահմանին։
Մինչ այժմ արևի մակերևույթին հնարավոր էր դիտարկել միայն մոտ 1000 կիլոմետր տրամագծով կառուցվածքներ, իսկ այժմ հնարավոր է մանրամասնորեն ուսումնասիրել արևի վերին մթնոլորտը՝ կորոնան, պլազմայի հոսքերը և օղակաձև կառուցվածքները՝ նախկինում անիրագործելի համարվող հստակությամբ։
Հատուկ հետաքրքրություն են առաջացրել արևի մթնոլորտում տեսանելի կառուցվածքները, հատկապես՝ բարակ պլազմային շերտերն ու հոսքերը, որոնք արևից բարձրանում են դեպի վեր։ Դրանց հստակ դիտարկումը նախկինում հնարավոր չէր։
Գիտնականները վստահ են, որ այս տվյալները կօգնեն ավելի խորապես հասկանալ արևի վերին շերտերում ընթացող ֆիզիկական գործընթացները և կբարելավեն արևային ակտիվության մոդելները, որոնք էական ազդեցություն ունեն տիեզերական եղանակի վրա։
Ներկայումս մշակվում է նմանատիպ, սակայն ավելի հզոր համակարգ նոր՝ խոշոր հեռադիտակի համար, ինչը կբացի նոր հնարավորություններ արևի ֆիզիկայի խորքային ուսումնասիրման ուղղությամբ։