Նիդեռլանդները հետ է կանչել Haribo քաղցրավենիքի Happy Cola F!ZZ մի ամբողջ խմբաքանակ՝ դրա մեջ կանեփի հետքեր հայտնաբերվելու պատճառով։ Քայլը ձեռնարկվել է, երբ նույն ընտանիքի մի քանի անդամ իրենց վատ են զգացել քաղցրավենիքից հետո․ հայտնում է Hart van Nederland լրատվամիջոցը։
Ըստ Նիդերլանդների սննդի անվտանգության վարչության՝ քաղցրավենիքի նմուշների լաբորատոր ստուգման արդյունքում դրանցում կանեփ է հայտնաբերվել։ Թե քանի փաթեթում է եղել, դեռ հստակ չէ, սակայն այս պահին հայտնի է առնվազն երեք դեպքի մասին, և, որպես նախազգուշական միջոց, Haribo-ն ետ է կանչել ողջ խմբաքանակը Նիդերլանդներում։
Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ դեպքը վերաբերում է միայն Նիդերլանդներին և կոնկրետ ապրանքային խմբաքանակի։
Ներկայումս համատեղ քննվում են դեպքի հանգամանքները՝ հասկանալու, թե ինչպես է կանեեփը հայտնվել քաղցրավենիքի մեջ։ Դեռ պարզ չէ՝ եղել է դա արտադրական սխա՞լ, թե՞ միտումնավոր միջադեպ։