Ժամանց

Հայտնաբերված նոր գալակտիկան նման է Ծիր Կաթինին

Աստղագետները հայտնաբերել են մի գալակտիկա, որը ծագում է տիեզերքի պատմության վաղ շրջանում և զարմանալիորեն նման է Ծիր Կաթին գալակտիկային՝ իր պարուրաձև կառուցվածքով ու կենտրոնով անցնող աստղերի և գազի ուղիղ գոտիով: Սակայն այն զգալիորեն ավելի մեծ զանգված ունի, ինչը նոր լույս է սփռում գալակտիկաների ձևավորման մասին պատկերացումների վրա։

Հեռավոր J0107a գալակտիկան դիտարկվել է այնպիսին, ինչպիսին այն եղել է մոտ 11,1 միլիարդ տարի առաջ, երբ տիեզերքը իր ներկայիս տարիքի միայն մեկ հինգերորդ մասն էր կազմում։ Հետազոտողներն օգտագործել են Չիլիում տեղակայված Atacama Large Millimeter/submillimeter Array (ALMA) աստղադիտարանը և ՆԱՍԱ-ի Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակը՝ ուսումնասիրելու այս գալակտիկան։

Հաստատվել է, որ J0107a-ի զանգվածը, ներառյալ՝ նրա աստղերն ու գազը, ավելի քան տասը անգամ գերազանցում է Ծիր Կաթինի զանգվածը, իսկ աստղառաջացման տարեկան արագությունը մոտ 300 անգամ ավելի բարձր է։ Այնուամենայնիվ, J0107a-ն ավելի կոմպակտ է, քան մեր գալակտիկան։

Մեծ պայթյունից (Big Bang) հետո՝ շուրջ 13,8 միլիարդ տարի առաջ, տիեզերքի առաջին մի քանի միլիարդ տարիների ընթացքում գալակտիկաները խառնաշփոթ և անկանոն կառուցվածքներ ունեին և շատ ավելի հարուստ էին գազով, քան ներկայումս։ Այդ գործոնները նպաստում էին աստղերի ձևավորման ծայրահեղ բռնկումներին։ Թեև այսօր կանոնավոր գոտիով պարուրաձև կառուցվածքով գալակտիկաները տարածված են, 11,1 միլիարդ տարի առաջ նման օրինակները սովորական չէին։

Ջեյմս Ուեբ աստղադիտակը, դիտելով տիեզերքի վաղ շրջանը, պարզել է, որ պարուրաձև գալակտիկաները ի հայտ են եկել շատ ավելի վաղ, քան նախկինում էր հայտնի։ J0107a-ն այժմ համարվում է գոտիով պարուրաձև գալակտիկաների հայտնի ամենավաղ օրինակներից մեկը։