Ժամանց

Հայտնաբերվել է դինոզավրերի զանգվածային գերեզմանոց

Կանադայի Ալբերտա նահանգում հնէաբանները հայտնաբերել են դինոզավրերի զանգվածային գերեզմանոց, որը համարվում է պատմության մեջ ամենախոշորներից մեկը. գրում է BBC-ն։ Պայփսթոուն Քրիք կոչվող վայրում, որը ստացել է «մահվան գետ» անվանումը, հայտնաբերվել են հազարավոր պախիրինոզավրերի՝ չորքոտանի խոտակեր դինոզավրերի մնացորդներ, որոնք, գիտնականների կարծիքով, վերացել են մոտ 72 միլիոն տարի առաջ։

Բրածոն ուսումնասիրող գիտնականների ղեկավար, պրոֆեսոր Էմիլի Բեմֆորտը նշում է, որ այս տարածքում ոսկու պես արժեքավոր «հնէաբանական գանձ» է թաքնված, իսկ տարածքում յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա կարելի է գտնել մինչև 300 ոսկոր։

Մինչ այժմ այստեղից հայտնաբերվել են հազարավոր բեկորներ, որոնք հիմնականում պատկանում են պախիրինոզավրերին։ Այս չորքոտանի հսկաների երկարությունը հասնում էր մոտ 5 մետրի, իսկ քաշը՝ մոտ երկու տոննայի։ Խոշոր գլուխը զարդարված է երեք եղջյուրներով ոսկրային օձիքով։ Այս դինոզավրի հիմնական տարբերակիչ առանձնահատկությունը քթի վրայի ելունդն է, որը կոչվում է «բոս»։ Գիտնականները ենթադրում են, որ նրանց զանգվածային մահը կարող էր կապված լինել հանկարծակի աղետի կամ կլիմայական կտրուկ փոփոխության հետ։

Պեղումները, որոնք կտևեն մինչև աշուն, իրականացվում են տարածքում, որտեղ ոսկորների շերտը ձգվում է մինչև 1 կմ խորությամբ։ Ըստ Բեմֆորտի՝ սա եզակի հնարավորություն է՝ հասկանալու դինոզավրերի խմբային վարքագիծը և նրանց արտագաղթի հնարավոր պատճառները։