Հայտնի երգչուհի Ջեննիֆեր Լոպեսը դարձել է հեղինակային իրավունքի խախտման հետ կապված դատական հայցի պատասխանող։ Նրան մեղադրում են առանց համապատասխան թույլտվության պապարացիների կողմից արված իր լուսանկարները հրապարակելու մեջ։ Ինչպես հաղորդում է Billboard-ը, հայցը ներկայացրել են լուսանկարիչ Էդվին Բլանկոն և BackGrid լուսանկարիչ գործակալությունը։
Խոսքը երկու լուսանկարի մասին է, որոնք արվել են այս տարվա հունվարի 4-ին՝ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունից առաջ կազմակերպված երեկույթի ժամանակ։ Ըստ հայցվորների փաստաբան Պիտեր Պերկովսկու՝ Ջեննիֆեր Լոպեսը այդ լուսանկարները հրապարակել է իր Instagram և X սոցիալական ցանցերում հաջորդ օրը՝ հունվարի 5-ին։ Դրանց տարածումը, ըստ իրավաբանի, մեծ արձագանք է գտել ինչպես երկրպագուների, այնպես էլ նորաձևության բրենդների կողմից, այդ թվում՝ արհեստական մորթուց պատրաստված վերարկուի դիզայների։
Իրավաբանի խոսքով՝ լուսանկարները օգտագործվել են ինքնագովազդի և կոմերցիոն նպատակներով, ինչը խախտում է հեղինակային իրավունքի օրենքները։ Հայցվորները կապ են հաստատել Լոպեսի թիմի հետ, և ըստ փաստաբանի՝ կողմերը նախապես համաձայնության են եկել փոխհատուցման հարցում, սակայն երգչուհին չի ստորագրել համաձայնագիրը և չի կատարել վճարումը։
Պերկովսկին նշել է, որ Ջեննիֆեր Լոպեսը բավականին լավ տեղյակ է հեղինակային իրավունքի սահմանափակումներից, քանի որ դեռ 2019 թվականին նրան արդեն մեղադրել էին նմանատիպ խախտման մեջ։
Եթե դատարանը ճանաչի Լոպեսի մեղավորությունը, ապա լուսանկարիչը և BackGrid գործակալությունը կարող են ստանալ մինչև 150 հազար դոլարի փոխհատուցում։