Ժամանց

Հունաստանը դատի է տվել «Adidas»-ին՝ Ակրոպոլիսի շուրջ «վիրավորական» գովազդի համար

Հունաստանի կառավարությունը որոշել է դատական կարգով դիմել հայտնի սպորտային ապրանքանիշ «Adidas»-ին՝ ընկերության պատրաստած գովազդի պատճառով, որտեղ մի մարզակոշիկ կարծես «խփում է» Ակրոպոլիսին։

Տեսանյութը, որը տարածվել է որպես դրոնների շոու, ուժգին դժգոհության առիթ դարձել Հունաստանի հասարակության շրջանում։ Շատերն այն համարել են վիրավորանք իրենց ազգային մշակույթի և պատմական ժառանգության նկատմամբ։

Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին կտրուկ է արձագանքել միջադեպին․

«Ակրոպոլիսը մեր ազգային ինքնության և ժողովրդավարության սրբազան խորհրդանիշն է։ Դրա օգտագործումը սպորտային կոշիկի գովազդում անընդունելի է»։

Դրանից հետո երկրի իշխանությունները սկսել են պաշտոնական քննություն՝ պարզելու, թե արդյոք «Adidas»-ը ստացել է անհրաժեշտ բոլոր թույլտվություններն այդ շոուն կազմակերպելու համար։

Իր հերթին, «Adidas»-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենք օրենքով սահմանված բոլոր թույլտվությունները ստացել են, իսկ Ակրոպոլիսն ուղղակիորեն գովազդային նպատակներով չի օգտագործվել։