Ժամանց

Հայտնաբերվել է ռոք երգչի գերեզմանից 37 տարի առաջ գողացված կիսանդրին

Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնաբերել է ամերիկացի ռոք երգիչ Ջիմ Մորիսոնի գերեզմանից 37 տարի անց գողացված կիսանդրին. գրում է BBC-ն։ Կիսանդրին գտնվել է Փարիզում՝ ֆինանսական և կոռուպցիայի դեմ պայքարի վարչության կողմից իրականացված միանգամայն այլ՝ խարդախության գործի քննության ժամանակ։

Քարե կիսանդրին պատրաստել էր խորվաթ քանդակագործ Մլադեն Միկուլինը՝ 1981 թվականին, Մորիսոնի մահվան 10-ամյակի կապակցությամբ։ Սակայն այն անհետացել էր 1988 թվականին և երկար տարիներ համարվում էր գողացված։

Ֆրանսիական ոստիկանությունը «Instagram»-ում հրապարակել է կիսանդրու լուսանկարը, որտեղ պարզ երևում է, որ արձանի քիթը և բերանը վնասված են, ինչպես եղել էր գողությունից առաջ։

Նշենք, որ Մորիսոնի՝ Պեր Լաշեզ գերեզմանատանը գտնվող շիրիմն արդեն երկար տարիներ հանդիսանում է The Doors ռոք խմբի երկրպագուների այցելության վայր։ Գերեզմանի շրջակայքում հաճախ կարելի է տեսնել գրաֆիտիներ և հուշանվերներ՝ տեղադրված երկրպագուների կողմից։ Այստեղ հանգչում են նաև Էդիտ Պիաֆը և Օսկար Ուայլդը։