Ժամանց

Նախկին գեղեցկուհին ձերբակալվել է կեղծ մաստակների համար

Վիետնամի իրավապահ մարմինները սպառողներին խաբելու  մեղադրանքով ձերբակալել են գեղեցկության մրցույթի հաղթող և սոցցանցերում մեծ ազդեցություն ունեցող Նգուեն Թհուկ Թհույ Թիենին․ հաղորդում է BBC-ն։ Նրան կասկածում են «Kera Supergreens Gummies» անունով կեղծ սննդային հավելումների գովազդման և սպառողներին մոլորեցնելու մեջ։

Նգուենը, ով 2021 թվականին Թաիլանդում կայացած «Miss Grand International» գեղեցկության մրցույթում գրավել էր առաջին տեղը, ակտիվորեն գովազդել է այս մաստակները՝ ներկայացնելով դրանք որպես բարձր մանրաթելային պարունակությամբ օգտակար հավելում։

Սակայն լաբորատոր փորձարկումների արդյունքում պարզվել է, որ մաստակները գովազդված 200 միլիգրամի փոխարեն պարունակել են ընդամենը 16 միլիգրամ մանրաթել։

Հանրային վրդովմունքից հետո իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն, որի շրջանակում պարզվել է, որ մաստակների արտադրության մեջ օգտագործվել են ոչ ստանդարտ հումք և մոլորեցնող բաղադրիչներ։ Արտադրանքի փաթեթավորման վրա չի նշվել ոչ մանրաթելերի ճշգրիտ պարունակությունը, ոչ էլ այն, որ այն պարունակում է մեծ քանակությամբ սորբիտոլ՝ նյութ, որը սովորաբար օգտագործվում է լուծողականներում։

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ապրանքը սոցցանցերում ազդեցություն ունեցողների համագործակցության, համատեղ բիզնեսի արդյունք էր։ 

Երեք ազդեցիկները մարտ ամսին տուգանվել էին և հրապարակայնորեն ներողություն խնդրել։ Ապրիլին 2-ին երկուսը, ինչպես նաև մաստակներ արտադրող ընկերության մի շարք ղեկավարներ, ձերբակալվել էին՝ կեղծ ապրանք արտադրելու և սպառողներին խաբելու մեղադրանքով։

Նգուեն Թհուկ Թհույ Թիենը ձերբակալվել է մայիսի 20-ին՝ սպառողներին մոլորեցնելու մեղադրանքով։ Մինչ սկանդալի բացահայտումը վաճառվել է ավելի քան 100․000 տուփ այս հավելումից։