Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում ընդգրկված Լին Ռամզիի նոր ֆիլմը՝ «Մեռիր, իմ սերը» (Die, My Love), հրաշալի մեկնարկ է ունեցել փառատոնում՝ արժանանալով քննադատների բարձր գնահատականներին։ Հատկապես ուշադրության կենտրոնում է հայտնվել գլխավոր դերակատար Ջենիֆեր Լոուրենսը, ում դերակատարման շուրջ արդեն խոսվում է հնարավոր «Օսկար» անվանակարգի մասին։
Ֆիլմում Լոուրենսն ու Ռոբերտ Փաթինսոնը մարմնավորում են ամուսինների, որոնք երեխայի ծնվելուց հետո տեղափոխվում են հեռավոր գյուղական տուն։ Լոուրենսը խաղում է Գրեյս անունով երիտասարդ մոր կերպարը, որի ետծննդաբերական դեպրեսիան վերածվում է խորը հոգեկան ճգնաժամի՝ ուղեկցվող մռայլ տեսիլքներով և հուզական անկայունությամբ։ Սցենարը հիմնված է արգենտինացի գրող Արիանա Հարվիչի համանուն վեպի վրա։
Դերասանուհու խոսքով՝ այս դերը եղել է իր համար բացառապես անձնական փորձառություն. «Ես ինքս էլ նոր մայր էի դարձել։ Ետծննդաբերական շրջանը շատ մեկուսացնող է»։
Ֆիլմը արդեն դարձել է փառատոնի ամենաշատ քննարկվող պրեմիերաներից մեկը։ Կինոնկարի ցուցադրման միջազգային իրավունքները ձեռք է բերել անկախ բովանդակությամբ զբաղվող Mubi ընկերությունը՝ շուրջ 24 միլիոն դոլարով։ Սա դարձել է Կաննի 2025-ի ամենախոշոր գործարքը։
Լոուրենսը նախկինում արդեն արժանացել է չորս «Օսկար» անվանակարգման, որոնցից՝ 2013թ․ «Արծաթե երանգի խաղամատյան» ֆիլմում՝ որպես հաղթող։ Դերասանուհին ընդգծել է, որ մայրությունը զգալիորեն փոխել է իրեն թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական առումներով։