Ժամանց

Նիհարեցնող ներարկումները կրճատում են քաղցկեղի ռիսկը

Համաձայն նոր հետազոտության՝ քաշի նվազեցման ներարկումները կարող են գրեթե կիսով չափ նվազեցնել ճարպակալման հետ կապված քաղցկեղների ռիսկը. գրում է The Guardian-ը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ GLP-1 ընդունիչների ագոնիստները (ինչպիսիք են Saxenda-ն, Byetta-ն և Trulicity-ն), ոչ միայն օգնում են նիհարել, այլև ունեն լրացուցիչ պաշտպանիչ ազդեցություն՝ նվազեցնելով բորբոքումները, որոնք կապվում են քաղցկեղի առաջացման հետ։

Ճարպակալումը կապված է քաղցկեղի 13 տարբեր տեսակների հետ: Չնայած՝ բարիատրիկ վիրահատությունը հանգեցնում է ավելի շատ քաշի կորստի, քաղցկեղի ռիսկի նվազեցման առումով արդյունքները մոտ էին դեղորայքային մոտեցմանը։

Իսրայելում իրականացված հետազոտության շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են 6000 չափահասի, որոնք նախկինում քաղցկեղ չեն ունեցել։ Նրանք կամ ենթարկվել են բարիատրիկ վիրահատության, կամ ընդունել քաշի նվազեցման դեղեր՝ GLP-1 ընկալիչների ագոնիստներ, ինչպիսիք են լիրագլուտիդը (Saxenda), էքսենատիդը (Byetta) կամ դուլագլուտիդը (Trulicity)։ Դեղերը գործում են՝ նմանակելով մարմնի GLP-1 հորմոնը, որն իջեցնում է արյան շաքարի մակարդակը և երկար ժամանակով հագեցածության զգացում է տալիս։

Գիտնականները նշել են, որ բարիատրիկ վիրահատությունը քաղցկեղի ռիսկը նվազեցնում է 30-42%-ով։ Ուստի, հաշվի առնելով, որ վիրահատությունը ավելի մեծ քաշի կորուստ է ապահովում, հեղինակները եզրակացրել են, որ քաշի նվազեցման դեղերը համեմատաբար ավելի արդյունավետ են ճարպակալման հետ կապված քաղցկեղը կանխելու հարցում։

Հետազոտողները կարծում են, որ նոր սերնդի դեղամիջոցները, ինչպիսին է Mounjaro-ն, որոնք ավելի արդյունավետ են քաշի նվազեցման հարցում, կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ։

Գիտնականներն ու բժիշկները նշում են, որ սա կարող է սկիզբ դնել քաղցկեղի կանխարգելման նոր դարաշրջանի՝ մեծածավալ փորձարկումների և հասարակության մակարդակով կիրառվող միջամտությունների միջոցով։