Ժամանց

Թրամփը Կատարից «թռչող պալատ» նվեր կստանա (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Կատարի թագավորական ընտանիքից ընդունել սուպերշքեղ Boeing 747-8 ինքնաթիռը՝ ժամանակավորապես օգտագործելու որպես Air Force One, հաղորդում է ABC News-ը՝ հղում կատարելով վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին։

Ինքնաթիռը, որ հայտնի է ներքին հարդարման շքեղությամբ, միջազգային մամուլում երբեմն անվանում են «թռչող պալատ»։ Այն մինչև Թրամփի պաշտոնավարման ավարտը կօգտագործվի նախագահին տեղափոխելու համար։ Այնուհետև ինքնաթիռը կփոխանցվի Թրամփի հիմնադրամին՝ ոչ ուշ, քան 2029 թվականի հունվարի 1-ը։ Ինքնաթիռի փոխանցման և վերափոխման բոլոր ծախսերը կկրեն ԱՄՆ ռազմաօդային ուժերը։

Ինքնաթիռի շուկայական արժեքը կազմում է մոտ 400 միլիոն դոլար, ինչը այն դարձնում է երբևէ Միացյալ Նահանգներին օտարերկրյա կառավարության կողմից արված ամենաթանկ նվերը։ Տեղեկացվում է, որ ինքնաթիռը կհամապատասխանի նախագահին տեղափոխելու անվտանգության բարձրագույն պահանջներին, ինչի համար այն կվերափոխվի ամերիկյան պաշտպանական պայմանագրային ընկերությունների կողմից։

Սպիտակ տունը և արդարադատության նախարարությունը հայտարարում են, որ գործարքը օրինական է և չի հակասում սահմանադրությանը, քանի որ ինքնաթիռը տրվում է ոչ թե Թրամփին անձամբ, այլ, սկզբում, ԱՄՆ ռազմաօդային ուժերին, իսկ հետագայում՝ նախագահական հիմնադրամին։

Այնուամենայնիվ, դեմոկրատ օրենսդիրները քննադատել են գործարքը՝ այն որակելով որպես «օտարերկրյա ազդեցության ակնհայտ փորձ» և կասկածի տակ դնելով դրա նպատակահարմարությունն ու օրինականությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում օգտագործվող ներկայիս Air Force One ինքնաթիռները՝ Boeing 747-200 մոդելները, շահագործվում են դեռևս 1990 թվականից, և դրանց փոխարինման գործընթացը վաղուց է սկսվել։ Թրամփն իր վերջին գրառման մեջ հայտարարել է, որ ցանկանում է նոր ինքնաթիռ ունենալ արդեն այս տարի։

Պատրաստեց Ալվարդ Բաղդասարյանը