Ժամանց

Իռլանդիան 530 միլիոն եվրոյի չափով տուգանել է TikTok-ին

Իռլանդիայի Տվյալների պաշտպանության հանձնաժողովը 530 միլիոն եվրոյի չափով տուգանել է TikTok-ին՝ եվրոպացի օգտատերերի անձնական տվյալները Չինաստան փոխանցելու և տվյալների պաշտպանությունը չապահովելու համար. գրում է Politico-ն։

Արձանագրվել է, որ 2020-2022 թթ. ընթացքում TikTok-ը թափանցիկ չի եղել իր օգտատերերի նկատմամբ և չի տեղեկացրել նրանց տվյալների արտահանման մասին։ Նախկին խախտումների համար սահմանվել է երկու տուգանք՝ 485 միլիոն եվրո՝ Չինաստան տվյալների փոխանցման, և 45 միլիոն եվրո՝ թափանցիկության բացակայության համար։

TikTok-ին տրվել է վեցամսյա ժամկետ՝ իր տվյալների մշակման քաղաքականությունը ԵՄ կանոններին համապատասխանեցնելու կամ տվյալների փոխանցումը դադարեցնելու համար։ Ընկերությունը պնդում է, որ երբեք Չինաստանի իշխանություններից չի ստացել եվրոպացի օգտատերերի տվյալների պահանջ, և մտադիր է բողոքարկել որոշումը։

Սա Եվրամիության գլխավոր տվյալների պաշտպանության կանոնակարգի պատմության մեջ երրորդ ամենամեծ տուգանքն է։