Հասարակություն

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Վանանդ կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, ք․ Արմավիր) իրականացված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:

Այսպես՝

  • արտադրական շինության հատակի, պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանող նյութերով,
  • առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում են խոնավության խտացմանը,
  • բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
  • փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում՝ ապահովելով փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունը,
  • արտադրական կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, անձնական իրերն ու պարագաները պահվել են հենց արտադրամասում:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Վանանդ կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: