Ժամանց

«Տիտանիկի» ողջ մնացած ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է 300 հազար ֆունտով

«Տիտանիկ» նավի աղետից փրկված մեկի՝ գնդապետ Արչիբալդ Գրեյսիի կողմից գրված նամակը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 300,000 ֆունտով. գրում է Guardian-ը։

Նա գրել է «Ճշմարտությունը Տիտանիկի մասին» գիրքը, որում նկարագրել է իր տպավորությունները 1912 թվականի ապրիլի 15-ի ողբերգության մասին, որը 1500 մարդու կյանք խլեց Նյու Յորք ուղևորության ճանապարհին: Նամակը գրվել է 1912թ. ապրիլի 10-ին, այն օրը, երբ նա նստել էր նավը։ Այն ուղարկվել է Քուինսթաուն քաղաքից՝ ապրիլի 11-ին, և հասել Լոնդոն ապրիլի 12-ին։ Նամակում նա գրել է. «Սա հիանալի նավ է, բայց ես կսպասեմ իմ ճանապարհորդության ավարտին, նախքան կարծիքս կհայտնեմ նրա մասին»։

Նամակը վաճառվել է «Henry Aldridge and Son» աճուրդի տան միջոցով՝ սպասված 60,000 ֆունտից հնգապատիկ բարձր գնով։ Դա ամենաբարձր գինն է, որ երբևէ վճարվել է «Տիտանիկի» վրա գրված նամակի համար։

Աճուրդատունը նշել է, որ նման մակարդակի փրկվածների նամակներ գրեթե երբեք չեն հայտնվում վաճառքի մեջ, և այս կոնկրետ օրինակը երբեք նախկինում չի վաճառվել։

Նրա պատմությունները Տիտանիկի աղետի ամենամանրամասն վկայություններից են համարվում։

Աճուրդավարները հավելել են. «Անհնար է գերագնահատել այս լոտի հազվադեպությունը, այն գրված է ամենահայտնի ողջ մնացած մարդկանցից մեկի կողմից, գերազանց բովանդակությամբ և հազվագյուտ կրիչի՝ փոստային բացիկի վրա։ Սա իսկապես բացառիկ, թանգարանային արժեք ունեցող նմուշ է»։