Գիտնականները բուծել են երեք գայլ՝ սպիտակ մազով և ուժեղ ծնոտներով: Դրանք նման են ավելի քան 10.000 տարի առաջ անհետացած սարհաս գայլերին:
Այս գայլերը, որոնք 3-6 ամսական են, ապրում են ԱՄՆ-ում՝ գաղտնի վայրում. APnews-ի փոխանցմամբ, հայտնում է Colossal Biosciences ընկերությունը, որը աշխատում է անհետացած տեսակները վերականգնելու վրա:
Ձագերն արդեն կշռում են 36 կգ և, ըստ գիտնականների, կհասնեն 63 կգ-ի:
Սարհաս գայլերը, որոնք անհետացել են ավելի քան 10.000 տարի առաջ, շատ ավելի խոշոր էին, քան ներկայիս գորշ գայլերը՝ նրանց ամենամոտ կենդանի ազգակիցները:
Անկախ փորձագետները կարծում են, որ սա դեռ չի նշանակում սարհաս գայլերի վերադարձ: «Կարելի է միայն արտաքին նմանություն ստեղծել, ոչ թե լիովին վերակենդանացնել»,- ասել է կենսաբան Վինսենթ Լինչը:
Colossal-ի թիմը սարհաս գայլերի մասին տեղեկություններ է հավաքել՝ ուսումնասիրելով 13.000 տարվա ատամ և 72.000 տարվա գանգի կտոր: