Ժամանց

Ռազմաօդային ուժերի երկու ինժեներ վնասել են Փեդինգտոն արջուկի արձանը

«Երբ Փեդինգթոն արջը ժամանել էր Մեծ Բրիտանիա, նրա մեծ մորաքույր Լյուսին բրիտանացիներին խնդրել էր. «Խնդրում եմ, հոգ տարեք այս արջի մասին»։ Սակայն նա հաստատ չէր կարող պատկերացնել, որ մի օր նրա սիրելի արջի արձանը կհայտնվի Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի երկու ինժեների՝ Հիթի և Լոուրենսի ձեռքում, ովքեր ալկոհոլի ազդեցության տակ ոչնչացրել են այն Բերկշիրում», - գրում է The Guardian-ը։

«Բարեբախտաբար, Լյուսի մորաքույրը չի տեսել այն տեսագրությունը, որը ներկայացվել է Ռեդինգի մագիստրատուրայի դատարանում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են 22-ամյա Հիթն ու Լոուրենսը կոտրում նոր տեղադրված արձանը, այնուհետև փախչում՝ իրենց հետ տանելով դրա կիսաքանդ մնացած մասը։

Դատավոր Սեմ Գուզին խստորեն դատապարտել է մեղադրյալներին՝ նշելով. «Ձեր արարքը լիովին հակասում է այն ամենին, ինչ խորհրդանշում է Փեդինգթոն արջը։ Սա անիմաստ վանդալիզմ էր։ Փեդինգթոն արջը սիրված մշակութային կերպար է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ Նա մարմնավորում է բարություն, հանդուրժողականություն և նպաստում է հասարակության մեջ համերաշխությանը։ Նրա հայտնի պիտակի վրա գրված է՝ «Խնդրում եմ, հոգ տարեք այս արջի մասին», սակայն 2025 թվականի մարտի 2-ի գիշերը ձեր արարքը ոտնահարեց այդ արժեքները։ Դուք անհարգալից և անազնիվ վերաբերմունք ցուցաբերեցիք՝ այն արժեքների հանդեպ, որոնք պարտավոր էիք պաշտպանել որպես զինված ուժերի անդամներ»։

Հիթն ու Լոուրենսը ձերբակալվել են թագավորական ռազմաօդային ուժերի Օդիհամ ռազմակայանում, և Թեմզ Վելիի՝ ոստիկանությունում հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը։ Արձանի մի մասը հետագայում հայտնաբերվել է Լոուրենսի մեքենայի բեռնախցիկում։

Դատարանը նրանց պարտավորեցրել է վճարել 2725 ֆունտ ստեռլինգ՝ արձանի վերականգնման ծախսերը հոգալու համար, ինչպես նաև դատապարտել է 12 ամսվա հանրային ծառայության՝ 150 ժամ հասարակական աշխատանք կատարելու պայմանով։