Հնագետները Տուրֆան գետի հովտում ավելի քան 4000 տարվա վաղեմության արտասովոր դամբարան են հայտնաբերել:
30 դամբարաններից մեկում հայտնաբերվել է վառ կարմիր ատամներով կնոջ սարսափելի կմախք: Ըստ «Archaeological and Anthropological Sciences»-ում հրապարակված ուսումնասիրության՝ սա ատամները ներկելու համար թունավոր կինաբար (ծծմբային սնդիկ) օգտագործելու առաջին գրանցված դեպքն է:
Հետազոտությունը ցույց է տվել, որ մահվան պահին կինը եղել է 20-25 տարեկան: Ռադիոածխածնային անալիզը թաղումը թվագրում է մ.թ.ա. 2200-2050 թվականներին: Մարմնի կողքին հայտնաբերվել են ոսկե ականջօղ, կաշվե կոշիկ, կերամիկա և ոսկորից պատրաստված սանրեր: Հետազոտողները ենթադրում են, որ կինը կարող էր պատկանել էլիտային: Այնուամենայնիվ, հնագիտությանը դեռ հայտնի չեն ատամները նման ձևով ներկելու ծեսեր:
Հնարավոր վարկածներից մեկը ծիսական պրակտիկան է: Գիտնականները գտածոն համեմատում են 20-րդ դարի սկզբին Տակլա Մական անապատում հայտնաբերված մումիաների հետ: Այնտեղ թաղված էին կանայք, որոնք կրում էին կինաբարով զարդեր և ծիսական իրեր, ում անվանել էին «անապատի կախարդներ»: Սակայն նրանց ատամներում պիգմենտի հետքեր չեն հայտնաբերվել:
Հնագետները չեն բացառում, որ կինը կարող էր լինել քրմուհի կամ շամանուհի, իսկ ծեսը՝ անհայտ կրոնական պրակտիկայի մաս: Ներկայումս գիտնականները շարունակում են պեղումներ իրականացնել։