Հարավկորեական Hyundai ընկերությունը նախատեսում է 20 միլիարդ դոլարի ներդրումներ իրականացնել ԱՄՆ-ում, այդ թվում՝ 5 միլիարդ դոլար արժողությամբ պողպատե գործարան կառուցել Լուիզիանայում, հայտնում է CNBC-ն՝ հղում անելով գործընթացին ծանոթ աղբյուրներին:
Գործարանը, որը կապահովի մոտ 1500 աշխատատեղ, կարտադրի նոր սերնդի պողպատ՝ նախատեսված ԱՄՆ-ում Hyundai-ի էլեկտրական մեքենաների արտադրության համար երկու ավտոգործարանների կարիքների բավարարման համար:
Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին, Hyundai Steel-ի խոսնակը նշել էր, որ ընկերությունը դիտարկում է ԱՄՆ-ի հարավ-արևելքում պողպատե գործարան կառուցելու հնարավորությունը, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել: Նա հավելել է, որ ԱՄՆ-ում սակագների բարձրացումը բացասաբար կանդրադառնա Հարավային Կորեայի պողպատե արդյունաբերության վրա:
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին ուժի մեջ են մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սակագնային միջոցները՝ ուղղված տեղական պողպատի և ալյումինի արտադրողների պաշտպանությանը: Դրանք վերականգնել են 25%-անոց համընդհանուր սակագինը մետաղների ներմուծման համար և ընդլայնել մաքսատուրքերը՝ ներառելով մետաղներից պատրաստված բազմաթիվ ապրանքներ: