Page Six-ի տեղեկություններով՝ Amazon-ի 61-ամյա հիմնադիր Ջեֆ Բեզոսը և Լորեն Սանչեսը կամուսնանան։ Հարսանիքի հրավերներն ուղարկվել են նրանց նշանադրությունից գրեթե երկու տարի անց։ Հարսանիքը տեղի կունենա ամռանը՝ Իտալիայի Վենետիկ քաղաքում։ Զույգը պատրաստվում է ամուսնանալ հունիսին՝ Իտալիայի ափերի մոտ գտնվող իրենց 500 միլիոն դոլար արժողությամբ Koru զբոսանավում։ Ամերիկացի գործարարը Սանչեսին ամուսնության առաջարկ է արել 2023 թվականի մայիսին՝ հինգ տարվա ծանոթությունից հետո։ Այդ ժամանակ զույգը զվարճանում էր Կաննի կինոփառատոնում՝ հանգստանալով նրա 500 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում, որտեղ նա ամուսնության առաջարկ արեց՝ նվիրելով 2,5 միլիոն դոլար արժողությամբ մատանի։
2023 թվականի օգոստոսին Բեզոսը և Սանչեսը նշանադրության երեկույթ կազմակերպեցին Իտալիայի Պոզիտանո քաղաքում գտնվող իրենց շքեղ զբոսանավում։ Հյուրերի թվում էին այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Բիլ Գեյթսը, Լեոնարդո Դի Կապրիոն, Էնդրյու Գարֆիլդը, Թոբի Մագուայրը, Քրիս Ջենները և նույնիսկ Հորդանանի թագուհի Ռանիա Ալ Աբդուլլան։
Բեզոսը և նրա նախկին կինը՝ Մաքքենզի Սքոթը, որոնք ունեն չորս ընդհանուր երեխա, ավելի քան 25 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են 2019 թվականի ապրիլին։ Իսկ Սանչեսը և նրա նախկին ամուսինը՝ Պատրիկ Ուայթսելը, ամուսնալուծվել են 2019 թվականի հոկտեմբերին՝ 13 տարվա համատեղ կյանքից հետո։