Ժամանց

«Հրաժեշտ Լենինին». ֆիննական թանգարանը վերափոխվել է

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում Վլադիմիր Լենինին նվիրված թանգարանը, որ փակվել էր 2023թ., վերաբացվել է նոր անունով և նոր ցուցադրություններով։ The Guardian-ի փոխանցմամբ, այս փոփոխությունն արձագանքն է երկու հարևան երկրների միջև հարաբերությունների կտրուկ փոփոխությանը, որ տեղի ունեցավ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո։

Տամպերեում գտնվող թանգարանը այս ամիս վերաբացվել է Nootti անունով։ «Nootti»-ն ֆիներենում նշանակում է դիվանագիտական գրություն, ինչը խորհրդանշում է Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև պատմական դիվանագիտական շփումները։

Թանգարանը հիմնադրվել էր 1946 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որպես հետպատերազմյան բարեկամության խորհրդանիշ։ Տամպերեն ընտրվել էր որպես թանգարանի տեղանք, քանի որ հենց այստեղ էին առաջին անգամ հանդիպել Լենինը և Ստալինը՝ որպես երիտասարդ կոմունիստ առաջնորդներ։ Սառը պատերազմի տարիներին այն դարձել էր դիվանագիտական հանդիպումների վայր, իսկ 2016 թվականին թանգարանը վերափոխվել էր՝ կենտրոնանալով ոչ թե Լենինի կյանքի, այլ Խորհրդային Միության պատմության վրա։

Սակայն վերջին իրադարձությունների ֆոնին, երբ երկու երկրների հարաբերությունները կրկին սառեցված են, թանգարանը որոշել է արմատական փոփոխության գնալ և վերածվել բացարձակ նոր թանգարանի։

Նոր թանգարանի ցուցանմուշները ներառում են հետևյալ թեմաները՝ Ռուսական կայսրության քայքայումը 1917թ. և Ֆինլանդիայի անկախացումը, սահմանին երկու կողմերում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմներ, Սովետական ֆինների ճակատագիրը Ստալինյան ահաբեկչության ժամանակ, Ձմեռային պատերազմը (1939–1940), Ֆինլանդիայի դաշինքը Հիտլերի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմում, Սառը պատերազմի ժամանակաշրջանը, «Ֆինլանդացում» երևույթը (ԽՍՀՄ-ի ազդեցությունը Ֆինլանդիայի քաղաքականության վրա), Երկրների գաղտնի ծառայությունների գործունեությունը, Խորհրդա-ֆիննական երկկողմ առևտրական հարաբերությունները, 1950-ականներից սկսած մշակութային կապերն ու զբոսաշրջության զարգացումը, 2023թ. Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու նախապատրաստական գործընթացը: