Ժամանց

Իլ-դը-Ռե կղզու հնագիտական գտածոները բացահայտում են Հյուսիսային ծովի առևտրային կապերը

Ֆրանսիայի՝ Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Իլ-դը-Ռե կղզում իրականացված հնագիտական պեղումները բացահայտել են VIII դարով թվագրվող գերեզմաններ և իրեր, որոնք վկայում են առևտրային կապերի մասին Հյուսիսային Եվրոպայի և կելտական ժողովուրդների հետ. գրում է RFI-ն։

«Այս գտածոներն առանձնահատուկ և հետաքրքրաշարժ են նրանով, որ հայտնաբերվել են տարբեր առարկաներ այնպիսի հեռավոր երկրներից, ինչպիսիք են Իռլանդիան, Անգլիան, Նիդեռլանդները և Գերմանիան: Դրանք թաղված են եղել մարմինների հետ միասին՝ Ֆրանսիայի արևմտյան այս հատվածում, VIII դարի վերջում»,- RFI-ին տված հարցազրույցում պատմել է Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INRAP) հնագետ Էննի Բոլլը:

2024 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում INRAP-ի թիմը մատուռի ներսում և դրսում հայտնաբերել է մոտ 50 գերեզման: Ըստ 1156 թվականի գրավոր աղբյուրների՝ մատուռը պատկանել է Սուրբ Էուլալիայի վանքին, սակայն այն ավերվել է XVI դարում՝ Ֆրանսիայում կաթոլիկների և բողոքականների միջև կրոնական պատերազմների ժամանակ:

«Հինգ գերեզմաններ առանձնանում էին: Մարմինների դիրքն ու նրանց հետ թաղված իրերը «բավական հազվադեպ են հանդիպում Իլ-դը-Ռե կղզում կամ նույնիսկ Ֆրանսիայի արևմուտքում», - պարզաբանել է Բոլլը: Երկու մարմին դասավորված չէին քրիստոնեական ավանդական ոճով, այսինքն՝ գլուխները դեպի արևելք՝ Երուսաղեմի ուղղությամբ, այլ ուղղված էին դեպի հարավ: Որոշ դեպքերում ստորին վերջույթները ծալված էին, այլ ոչ թե ուղղած, ինչպես սովորաբար կարելի էր ակնկալել: Բացի այդ, երկու այլ մարմին դրված էին կողքի վրա, իսկ մեկ կին հայտնաբերվել էր դեմքով ներքև պառկած:

«Այդ հինգ գերեզմաններում մարմինները թաղված էին տարբեր առարկաներով և զարդերով: Այս սովորույթը, որը տարածված էր VI և VII դարերում, VIII և IX դարերում՝ այս հինգ հանգուցյալների թաղման ենթադրյալ ժամանակաշրջանում, արդեն վերացել էր», - ասել է Բոլլը: