1975 թվականի դեկտեմբերին սովետական ֆիզիկոս, այլախոհ Անդրեյ Սախարովը, որին արգելել էին մասնակցել Նոբելյան խաղաղության մրցանակի արարողությանը, Մոսկվայում գաղտնի հանդիպել է նորվեգ դիվանագետ Վիգգո Լանգեի հետ: Նա փոխանցել է իր ելույթը և Նոբելյան դասախոսությունը, որպեսզի դրանք Օսլոյում կարդա նրա կինը՝ Ելենա Բոնները: Reuters-ի հրապարակած նոր փաստաթղթերն արձանագրում են, թե ինչպես է Սախարովը դա արել 50 տարի առաջ:
Սախարովը ՍՍՀՄ ամենահայտնի ընդդիմադիրներից էր, որը քննադատում էր կոմունիստական կառավարման ժամանակաշրջանում մարդու իրավունքների խախտումները: Նա սովետական ջրածնային ռումբի ստեղծման հիմնադիրներից էր, ով հետագայում պայքարել է միջուկային զենքի դեմ։ Իշխանությունները մերժել էին նրա՝ արտերկիր մեկնելու և մրցանակը ստանալու իրավունքը՝ պատճառաբանելով, որ նա տեղյակ է պետական և ռազմական գաղտնիքների։
1975 թվականի դեկտեմբերին Սախարովը զանգահարել է Լանգենին՝ խնդրելով հանդիպել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանատան մոտ՝ մինչև ժամը 1-ը․
«Նա խնդրեց, որ եթե իրեն խանգարեն մտնել, դրսում ինչ-որ մեկը սպասի իրեն», - գրել է Լանգենն Օսլոյի արտաքին գործերի նախարարությանն ուղղված հուշագրում։ Լանգենը դուրս է եկել դեսպանատան մոտ, և ոստիկանի հեռանալուց հետո Սախարովը ժամանել է մեքենայով՝ վարորդի ուղեկցությամբ։ Նրանք հանդիպել են դեսպանատան մոտ, և ոստիկանը, չնայած հետաքրքրված էր, չի միջամտել։ Սախարովը փոխանցել է իր ելույթի և դասախոսության տպագիր տեքստերը։
Այնուհետև Լանգենը կապվել է Նորվեգիայի դեսպան Պետեր Գրավերի հետ, ով Սախարովին ընդունել է դեսպանատան գրադարանում։ Սախարովը խնդրել է, որ փաստաթղթերը փոխանցվեն Ելենա Բոններին, ով գտնվում էր Արևմտյան Եվրոպայում։ Գրավերը համաձայնել է։ 1975 թվականի դեկտեմբերի 10-ին Ելենա Բոնները Օսլոյում կարդացել է ամուսնու խոսքերը։ Նոբելյան կոմիտեն Սախարովին պարգևատրել է «Սովետական Միությունում մարդու իրավունքների, զինաթափման և բոլոր ազգերի միջև համագործակցության համար նրա մղած պայքարի» համար։
Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրման գործընթացը գաղտնի է պահվում 50 տարի, և Սախարովին վերաբերող փաստաթղթերը հարցման դեպքում այս տարի դարձան հասանելի։
Պատրաստեց՝ Ա.Գալոյանը